Երեկ 3000 թուրք անկարգություններ են սադրել Վիեննայում
Թուրքիայում հեղաշրջման փորձի օրը Վիեննայում ապրող թուրքերն ազդաշչակներով աղմուկ –աղաղակ են բարձրացրել փողոցներում` այսկերպ իրենց աջակցությունը հայտնելով Թուրքիայի նախագահ էրդողանին:
Այս մասին «ֆեյսբուքի» իր էջում գրել է Ավստրո-հայկական մշակութային ընկերության վիեննաբնակ նախագահ Ռազմիկ Թամրազյանը:
Ներկայացնում ենք գրությունն ամբողջությամբ:
«Երեկ գիշեր անտանելի դրություն էր Վիեննայի 4-րդ թաղամասում, որտեղ գտնվում է Թուրքիայի դեսպանատունը: Ժամը 23-ից սկսած վիեննաբնակ թուրքերը մեքենաներով և Թուրքիայի դրոշով ամեն կողմից շարժվում էին դեպի իրենց դեսպանություն՝ ի պաշտպանություն իրենց երկրի ղեկավարի: Հարյուրավոր ավստրիական ոստիկաններ փորձում էին սկսած գոռում-գոչումը, մեքենաների ազդաշչակները, բարձրաձայն «Աստված մեծ է» վանկարկումները և շրջապատի ապրողների հանգստի խանգարումը, նվազագույնի հասցնել: Թաղի այդ մասի բոլոր ապրողները, հետևում էին դեպքերին իրենց պատշգամբներից (ես էլ դրանց մեջ) և պատուհաններից, երբեմն-երբեմն էլ վրդովելով և բարձրաձայն արտահայտվելով, որ գնացեք ձեր երկրում արեք, ինչ որ ուզում եք: Այս բոլորը հազիվ ավարտվեց առավոտյան ժամը 3:30-ին, որից հետո բազմությունը (ըստ ավստրիական Հեռուստատեսության` ավելի քան երեք հազար) ոստիկանության հսկողության տակ քայլեցին դեպի քաղաքի կենտրոն: Ճիշտն ասած, այս գրության և իմ մտորումների պատճառը, ոչ թե Թուրքիայի հեղաշրջումն էր, այլ այն, որ արդյոք քանի հայ իր տնում ունի Հայաստանի դրոշ և մենք ինչքանո՞վ ենք պատրաստ, որևէ ժամանակ կես գիշերին Հայաստանին զորավիգ լինելու պատճառով փողոց դուրս գանք:
Ինչպես երջանկահիշատակ Հրաչյա Մաթևոսյանը կասեր` պինդ կացեք և լավ մնացեք»:










