Թուրքիայում հեղաշրջման այս փորձը տապալվեց, բայց պատմությունը ցույց է տալիս, որ հաջորդին երկար չենք սպասելու. Independent

16:44 • 17.07.16

«Էրդողանը չափազանց ուշ գիտակցեց իր երկրի համար ընտրված ուղու սխալ լինելը. երբ դու այլևս չես կարող վստահել քո բանակին, դա արդեն շատ լուրջ է»,- գրում է բրիտանական հեղինակավոր Independent պարբերականի հոդվածագիր Ռոբերտ Ֆիսկը, ում`Թուրքիայում տեղի ունեցած պետական հեղաշրջման տապալված փորձի վերաբերյալ վերլուծական անդրադարձը ներկայացնում ենք մասնակի կրճատումներով:

Հեղինակի կարծիքով, թուրքական բանակն այլևս չէր կարող լուռ ենթարկվել մի մարդու, ով ցանկանում է վերստեղծել Օսմանյան կայսրությունը` իր երբեմնի հարևաններին վերածելով թշնամիների, իսկ սեփական երկիրն էլ դարձնելով ծաղրուծանակի առարկա:

«Թուրքիայի իշխանությունների համար ճակատագրական սխալ կլինի համարել, որ հեղաշրջման փորձի տապալումը սոսկ անցողիկ ակնթարթ է, և որ այդ դեպքերից հետո թուրքական բանակը հնազանդ կմնա իր սուլթանին»,-շարունակում է Ֆիսկը` նկատելով, որ ներկայում ներքաղաքական անկայունությունը Թուրքիայում նույնպիսի տարածված բան է, ինչպես որ կոռուպցիան:

Այնուհետև հոդվածագիրն անդրադառնում է պաշտոնական Վաշինգտոնի արձագանքին, ըստ որի, ԱՄՆ-ն կոչ է արել թուրք ժողովրդին աջակցել «ժողովրդավար ճանապարհով ընտրված կառավարությանը»:

«Փաստորեն, հիմա Արևմուտքի համար Թուրքիայում կայունությունն ավելի նախընտրելի է, քան արժանապատվորեն ճշմարտությունն ասելը»,-նկատում է Ֆիսկը:

«Թուրքիայի տապալումը սկսեց այն ժամանակ, երբ երկիրը որոշեց զինել Սիրիայում կռվող իսլամիստներին ու ուժեղացրեց պայքարը քրդերի դեմ: Դրանից հետո թուրքական քաղաքներում, բնակավայրերում պարբերաբար սկսեցին ռումբեր պայթել, հաճախակի դարձան իսլամիստական հարձակումները:

Ճիշտ է, Էրդողանը ներողություն խնդրեց Պուտինից, վերականգնեց հարաբերություններն Իսրայելի հետ, սակայն այն փաստը, որ նա կորցրել է բանակի վստահությունը, մտածելու լուրջ տեղիք է տալիս:

Վերջին դեպքերից հետո Թուրքիայում ձերբակալվել է մոտ 2.000 մարդ, որոնք միայն չնչին մասն են կազմում այն թուրք զինվորականների, ովքեր կարծում են, որ սուլթանն իրենց երկիրը տանում է դեպի կործանում:

Ուղղակի սարսափելի է պատկերացնել, թե այս ակնթարթային հաջողությունից հետո Էրդողանն ինչպիսի նոր թափով կսկսի քաղբանտարկյալներին դատել, լրագրողներին  բանտարկել, հակաիշխանական թերթերը փակել, քրդերին սպանել ու 1915թ. տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը հերքել:

Օտարերկրացիները դժվար թե հասկանան վախի ու ռասիստական արմատներ ունեցող զզվանքի աստիճանը, որով Թուրքիան վերաբերում է քուրդ զինյալներին: Նրանք քրդերի մեջ նույնպիսի «սպառնալիք» են տեսնում թուրքական պետականությանը, ինչպիսին որ տեսնում էին 20-րդ դարի սկզբին հայերի դեմ:

Այնուհանդերձ, վերադառնալով հուլիսի 16-ի գիշերը տեղի ունեցած դեպքերին, պետք է ասեմ, որ թեև Թուրքիայում հեղաշրջման այս փորձը տապալվեց, բայց պատմությունը ցույց է տալիս, որ հաջորդին երկար չենք սպասելու»,-եզրափակել է հոդվածագիրը: