Ոստիկանության կառույցի վրա հարձակվածները ոչինչ են, իրենցից ոչինչ չեն ներկայացնում.Ա. Ախոյան

13:24 • 18.07.16

ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք մուտք գործած , բռնության սպառնալիքով այնտեղ գտնվող անձանց պահող և մարդասպանություն իրականացրած «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները ոչինչ են, իրենցից ոչինչ չեն ներկայացնում:

Tert.am-ի հետ զրույցում երեկվանից ծավալվող դեպքերին նման գնահատական տվեց ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը:

«Իրենք ոչինչ են, որ մի անձին ազատ արձակման պահանջով կատարեն մարդասպանություն: Սա անընդունելի է: Լուրջ չեմ համարում այդ պահանջները, այս կոչերը, որ ժողովրդին կոչ են անում վեր կենալ, միանալ. դա չի լինելու, որովհետև, նորից եմ կրկնում, իրենք ոչ միայն լիդեր չեն, այլև ոչինչ են, իրենց հայելու մեջ չնայած մարդիկ են»:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդում դեռ շարունակվում են դրամատիկ և ողբերգական իրադարձությունները. պատանդառությունը: Հիշեցնենք,որ ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանն էլ երեկ մահացու վիրավորում ստացավ:

Ըստ Արագած Ախոյանի` այս ամենն էլ ավելի սարսափելի է, որ արդյունքում անմեղ զոհ ունեցանք:

Ըստ քաղաքական գործչի ամփոփման` կատարվել է մի դեպք, որը փաստի առաջ է կանգնեցրել պետությանը, իշխանություններին, հասարակությանը:

«Եվ այստեղ շատ կարևոր է, որպեսզի այս իրավիճակը հանգուցալուծվի հնարավորինս անարյուն: Դրա համար կոչ եմ անում, որ մարդիկ, ինտելիգենցիան, որոնք այսօր հնարավոր է կարողանան արբիտրաժի դեր տանել և մտնել կողմերի արանքը, որ էլ ավելի ծայրահեղ քայլերի չգնան, դա անեն»,-ասաց Արագած Ախոյանը: