Էրդողանը հաշված րոպեների տարբերությամբ է փրկվել մահից
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ հաշված րոպեների տարբերությամբ է փրկվել մահից: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Հաղորդվում է, որ Թուրքիայի առաջնորդը զբոսաշրջային Մարմարիսում հյուրանոցը լքել է իրեն սպանել կամ ձերբակալել պատրաստվող զինվորականների ժամանելուց րոպեներ առաջ։
Ապստամբները, ինչպես հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով CNN Turk-ին, Մարմարիս են ուղարկել երեք ուղղաթիռ՝ 25 զինվորով: Զինվորականները պարաններով իջել են ուղղաթիռներից, սակայն հյուրանոցում նրանց դիմադրել է նախագահին հսկող հատուկ նշանակության ուժերի ջոկատը:
Ուրբաթ երեկոյան թուրք զինվորականները փորձել են գրավել իշխանությունը: Հեղաշրջման ձախողումից հետո ուժայինները ձերբակալել են ավելի քան վեց հազար մարդու:
Անկարայի տվյալներով ապստամբության փորձի հետևանքով զոհվել է 290 մարդ:










