Պատանդներ վերցրած զինված խմբի հետ բանակցությունները շարունակվում են. Հունան Պողոսյանը մանրամասներ է ներկայացնում

13:01 • 18.07.16

Զինված խմբի հետ բանակցությունների արդյունքում ազատ է արձակվել մեկ ոստիկան և շտապօգնության մեքենայի վարորդ: Բանակցությունները շարունակվում են, իրավիճակը մնում է նույնը. այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը՝ անդրադառնալով զինված խմբի գործողություններին:


«Ազատ արձակված ոստիկանը պարեկապահակային ծառայության աշխատակից է, որն ազատ է արձակվել համապատասխան բանակցությունների միջոցով: Ներկայումս համապատասխան օպերատիվ հետախուզական և կանխարգելիչ  միջոցառումները  իրավապահ  մարմինների կողմից շարունակվում են, պատշաճ  ժամկետներում կտրվի ինֆորմացիա»,- նշեց նա։


Հունան Պողոսյանը հայտնեց, որ այս պահին կա հինգ պատանդ ոստիկան, իսկ ոստիկանության և «Սասնա ծռեր» խմբի պահանջներում ոչինչ չի փոխվել.«Մեր պահանջը նույնն է՝ ազատ արձակել բոլոր պատանդներին, դադարեցնել իրավիճակի սրումն  ու ապակայունացումը, հանձնվել իշխանություններին»:


Հարցին՝ եթե փոխզիջումներ չլինեն, ի՞նչ է սպասվում, Հունան Պողոսյանն ասաց, որ եթե բանակցություններն արդյունավետ չլինեն, ոստիկանությունն  ու իրավապահ համակարգը ի վիճակի են ձեռնարկել օրենքով թույլատրելի բոլոր միջոցառումները:


Երեկ բերման ենթարկված քաղաքացիների վերաբերյալ ոստիկանապետի առաջին տեղակալն ասաց, որ նրանց վերաբերյալ բոլոր իրավական հիմնավորումները կան և  բոլորը ստացել են իրենց պատշաճ պատասխանը. «Այս պահին բոլորն ազատ են արձակված,  նրանցից ոմանք ենթարկվել են վարչական պատասխանատվության, ոմանք էլ  ներկայացվել են հարցաքննության»:


Հունան Պողոսյանը նաև հայտնեց, որ Ժիրայր Սեֆիլյանի բանակցություններում ներգրավելու վերաբերյալ հարցը դեռևս չի քննարկվում:


Ինչ վերաբերում է վիրավոր ոստիկանների առողջական վիճակին, Հունան Պողոսյանը հորդորեց դիմել Առողջապահության նախարարությանը:


Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարանին» հարող «Սասնա ծռեր»  ջոկատի մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահել այնտեղ գտնվող անձանց։ Նրանց հետ վարվում են բանակցություններ՝ ՀՀ իշխանություններին նրանց խաղաղ հանձնվելը կազմակերպելու համար: Նշենք նաև, որ մեկ ոստիկան զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել: