Թուրքիայում հեղաշրջման փորձի մասին գործի առնչությամբ ձերբակալվել է ավելի քան 7,5 հազար մարդ
Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ ձերբակալվածների թիվը հասել է 7543-ի, նրանցից 316-ը կալանավորված է, այդ իրադարձությունների զոհ է դարձել 208 մարդ: Այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, գրում է РИА Новости-ն:
«Հեղաշրջման փորձի առնչությամբ ձերբակալվածների թիվն այժմ կազմում է 7543, ապստամբների ձերբակալման ուղղությամբ գործողությունները շարունակվում են: Նրանցից 316-ը կալանավորվել է: Այդ իրադարձությունների զոհ է դարձել 208 մարդ»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետը՝ ելույթ ունենալով կառավարության նիստին։
Լույս հուլիսի 16-ին զինվորականների խումբը փորձել է ռազմական հեղաշրջում կատարել Թուրքիայում: Անկարայի և Ստամբուլի փողոցներ ռազմական տեխնիկա է դուրս եկել, լսվել են կրակոցներ և պայթյուններ: Հեղաշրջման ձախողումից հետո ուժայինները ձերբակալել են ավելի քան վեց հազար մարդու:










