Թուրքիայի վարչապետը կոչ է արել քաղաքացիներին չհեռանալ փողոցներից

15:55 • 18.07.16

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը կոչ է արել թուրք ժողովրդին շարունակել լինել քաղաքի փողոցներում՝ պաշտպանելով ժողովրդավարությունը և տոնելով դրա հաղթանակը, հայտնում է РИА Новости-ն:

 

«Իրավիճակը վերահսկողության տակ է, խորհրդարանը, բոլոր պետական կառույցները նորմալ են աշխատում, օրինագծերի վրա աշխատանքը շարունակվում է: Ցերեկը մեր քաղաքացիները կարող են գնալ աշխատանքի, իսկ երեկոյան մենք բոլորով կշարունակենք հսկել ժողովրդավարության դիրքերը: Դա մեր պատվո պահակն է և ժողովրդավարության տոնը: Մենք հրավիրում ենք դրան բոլորին՝ նախարարներին, պատգամավորներին, ղեկավարներին»,- երկուշաբթի օրը Անկարայում կայացած նախարարների խորհրդի նիստից հետո լրագրողներին ասել է Յըլդըրըմը:

 

Լույս հուլիսի 16-ին զինվորականների խումբը փորձել է ռազմական հեղաշրջում կատարել Թուրքիայում: Անկարայի և Ստամբուլի փողոցներ ռազմական տեխնիկա է դուրս եկել, լսվել են կրակոցներ և պայթյուններ:  Հեղաշրջման ձախողումից հետո ուժայինները ձերբակալել են ավելի քան վեց հազար մարդու:

Անկարայի տվյալներով ապստամբության փորձի հետևանքով զոհվել է 290 մարդ: