Էրդողանը խոստացել է զորամասեր կառուցել Ստամբուլի Գեզի այգու տարածքում

13:48 • 19.07.16

Ստամբուլի Թաքսիմի հրապարակի մոտ՝ Գեզի այգու տեղում զորանոցների կառուցման նախագիծը, որը 2013 թվականին ողջ Թուրքիայում բողոքի ակցիաների պատճառ էր դարձել, կիրականացվի հեղաշրջման փորձի ձախողումից հետո: Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Թայիփ Էրդողանը։

 

«Մենք կսկսենք կառուցել Թաքսիմում պատմության համապատասխան զորամասեր՝ անկախ նրանից՝ դա նրանց դուր է գալիս, թե ոչ»,- ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Ստամբուլում իր աջակիցների առաջ:

 

Ավելի վաղ Թաքսիմ հրապարակում վերակառուցման նախագծով նախատեսվում էր առևտրի կենտրոնի և Օսմանյան կայսրության ժամանակների ռազմական հին շենքերի տեսակով ռազմական զորամասերի կառուցում:

 

2013 թվականի մայիսի 31-ին Գեզի այգում ծառերը կտրելու և կառուցապատման դեմ ելույթները վերաճել են բողոքի ակցիաների, որոնք տարածվել էին ողջ երկրով մեկ։