Պաշտոնական Անկարան ԱՄՆ-ից պահանջել է արտահանձնել Գյուլենին
Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հաստատել է, որ երկրի իշխանություններն ԱՄՆ-ին հարցում են ուղղել` պահանջելով ձերբակալել ու արտահանձնել ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին:
Ինչպես նշում է ria.ru-ն, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում բնակվող Գյուլենին մեղադրում է օրեր առաջ երկրում պետական հեղաշրջման չստացված փորձը ծրագրելու և ֆինանսավորելու համար:
«Պետական հեղաշրջման չստացված փորձի պատվիրատուի` Ֆեթուլլահ Գյուլենի գործով հետաքննությունը շարունակվում է: Դա ահռելի ծավալի աշխատանք է, որը հնարավոր չէ ավարտել մի քանի օրում: Նախագահի, վարչապետի աշխատակազմի մակարդակով արտգործնախարարությունը Միացյալ Նահանգներից պահանջել է բռնել, ձերբակալել ու արտահանձնել Գյուլենին»,-ասել է Բոզդաղը:
Պաշտոնյան հավելում է, որ իրենք բավականաչափ ապացույցներ ունեն, որոնք փաստում են Գյուլենի ներգրավվածությունը վերոհիշյալ գործում:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, լույս հուլիսի 16-ին զինվորականների խումբը փորձել է ռազմական հեղաշրջում կատարել Թուրքիայում: Անկարայի և Ստամբուլի փողոցներ ռազմական տեխնիկա է դուրս եկել, լսվել են կրակոցներ և պայթյուններ: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հեղաշրջման փորձը տապալվել է և ամբողջությամբ կճնշվի:
Իրավապահների փոխանցմամբ, արդեն ձերբակալվել է մոտ 8.000 մարդ, որոնց մեջ կան բարձրաստիճան զինծառայողներ: Զոհերի թիվը հասել է 290-ի:










