Մեքսիկայի նախագահը ներողություն է խնդրել 7 միլիոն դոլարով տուն գնած տիկնոջ փոխարեն
Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն երկրի քաղաքացիներից ներողություն է խնդրել իր կնոջ կողմից 7 միլիոն դոլար արժողությամբ տուն գնելու հետ կապված երկու տարվա վաղեմություն ունեցող սկանդալի համար, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նախագահի խոսքերով՝ չնայած ո՛չ նա, ո՛չ իր կինը չեն խախտել օրենքը, առանձնատան ձեռքբերումն այնուամենայնիվ սխալ է եղել:
«Պետծառայողները պատասխանատու են այն կերպարի համար, որ մենք ստեղծում ենք մեր քայլերով, և այդ առումով ես ընդունում եմ, որ սխալ եմ թույլ տվել»,- ասել է նախագահը՝ հակակոռուպցիոն օրենքների նոր փաթեթի ստորագրման առիթով:
Վերոնշյալ սկանդալը տեղի էր ունեցել 2014 թվականի նոյեմբերին այն բանից հետո, երբ լրագրողներին հայտնի է դարձել նրա կնոջ՝ նախկին հայտնի դերասանուհի Անխելիկա Ռիվերայի կողմից Մեխիկոյի հարուստ թաղամասերից մեկում տուն գնելու մասին:










