Բախում ցուցարարների և ոստիկանների միջև (լուսանկարներ, տեսանյութ)

22:27 • 20.07.16

Խորենացի փողոցում, որն արդեն մի քանի օր է փակ է, քիչ առաջ ցուցարարներն իրենց պահանջն էին ներկայացնում՝ «Սասնա ծռեր» խմբին փոխանցել արդեն իսկ գնված ուտելիքը։ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ցուցարարներին կոչ էր անում սպասել մի քանի րոպե, մինչ նա կգնար Սարի թաղ։ Նա նշեց, որ վերադառնալուն պես կբանակցի ոստիկանների հետ։ Նրա գնալուն պես, ցուցարարները սկսեցին պահանջել, որ այդ խնդիրը լուծվի անհապաղ։ Ոստիկաններին պատասխանի համար տրվեց 30 րոպե։ Ցուցարարները ոստիկանական ուժերի ուղղությամբ տարբեր առարկաներ էին նետում և վանկարկում «հիմա»։


Քիչ անց ցուցարարներին մոտեցավ ոստիկանություն ներկայացուցիչը և կոչ արեց հանդուրժողական լինել, ոչ  մի քայլի չգնալ։ Նա նշեց, որ քարեր են նետվել ոստիկանների ուղղությամբ, և եթե նորից կրկնվի, ապա նրանք ձեռնարկելու են բոլոր միջոցները։


Այդ բանակցությունից քիչ անց ցուցարարները փորձեցին ճեղքել ոստիկանական պատը, որից հետո էլ տեղի ունեցավ վերջիններիս և ոստիկանների բախումը։

 

Ոստիկանության ներկայացուցիչը տեղեկացրեց, շատ տուժածներ ունեն։ Ինչպես երևում էր բախումից, տուժել են նաև շարքային քաղաքացիներ։  


Հիշեցնենք, որ երեք օր է՝ «Սասնա ծռեր» խումբը զինված ներխուժել է Երևանում գտնվող ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պատանդ է պահում այնտեղ գտնվող ոստիկաններին: Բանակցությունների արդյունքում պատանդներից 5-ն ազատ են արձակվել: Պատանդ են մնացել 4 ոստիկան, այդ թվում՝ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը: