Սթիվեն Սփիլբերգը ցանկանում է հաջորդ Ջեյմս Բոնդին սևամորթ տեսնել
Հոլիվուդի ամենաազդեցիկ ռեժիսորներից մեկը` բազմաթիվ կինոհիթերի հեղինակ Սթիվեն Սփիլբերգը, հայտնել է, որ շատ կցանկանար գաղտնի գործակալ Ջեյմս Բոնդի դերում տեսնել սևամորթի:
Ինչպես նշում է The Independent-ը, Սփիլբերգի խոսքերով, այդ դերի համար շատ սազական կլինի բրիտանացի դերասան Իդրիս Էլբան:
«Ես Բոնդի մասին ֆիլմերի մեծ երկրպագու եմ և շատ կցանկանայի հաջորդ անգամ սևամորթ գործակալի տեսնել: Դա ինձ շատ դուր կգար: Կարծում եմ` Իդրիս Էլբան ամենալավ տարբերակն է այդ դերի համար, եթե, իհարկե, նախկին դերակատար Դենիել Քրեյգը որոշի այլևս չնկարահանվել»,-ասել է ռեժիսորը:
Աղբյուրը հավելում է, որ «բոնդիանայի» հաջորդ ֆիլմը նկարահանվելու է 2018թ. ոչ շուտ, ուստի` MGM Studios-ի տնօրինությունը բավական ժամանակ ունի ճիշտ ընտրություն անելու համար:











