«Սասնա ծռերի» երկու վիրավոր անդամները հրազենային վնասվածքներից բացի նաև կոտրվածքներ են ստացել. բժիշկ (տեսանյութ)

14:13 • 26.07.16

«Սասնա ծռերի» երկու վիրավոր անդամները հրազենային վնասվածքներից բացի նաև կոտրվածքներ են ստացել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Էրեբունի» հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի գիտական ղեկավար Հարություն Մանդոյանը:

«Այսօր գիշերը ժամը 2։50 հիվանդանոց տեղափոխված «Սասնա ծռերի» վիրավոր անդամներ Աշոտ Պետրոսյանն ու Հովհաննես Հարությունյանը  վիրահատվել են , գտնվում են վերակենդանացման բաժանմունքում,  երկուսի վիճակն էլ նորմալ է, վնասվածքը միջին ծանրության է, երկուսի գիտակցությունն էլ տեղն է»,- ասաց նա։

Բժիշկը հայտնեց, որ Աշոտ Պետրոսյանը ստորին վերջույթների հրազենային վնասվածք է ստացել, ինչպես նաև աջ ազդրի կոտրվածք՝ հրազենային վիրավորման արդյունքում:

Մանդոյանը տեղեկացրեց, որ 29-ամյա  Հովհաննես Հարությունյանն աջ ազդրի հրազենային վնասվածք է ստացել և աջ կրունկի հրազենային վնասվածք՝ ոսկորի կոտրվածքով:

«Նրանք ժամանակին են հասցվել հիվանդանոց և հաշմանդամություն խնդիր, ամենայն հավանականությամբ, չեն ունենա»,- ասաց բժիշկը:

Հարցին, թե ինչու է արգելվում հիվանդներին տեսակցելը, բժիշկն ասաց, որ դա բժիշկների արգելքը չէ, պարզապես իրենք մինչև կեսօր  ձեռնպահ են մնում տեսակցություններ թույլ տալուց, որպեսզի չխոչընդոտվի բժիշկների աշխատանքը: