Որդեկորույս հոր պարը. The Guardian-ն անդրադարձել է Անտուան Ագուջյանի տպավորիչ լուսանկարին

10:49 • 29.07.16

« Ծնվել եմ Ֆրանսիայում` Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղածների ընտանիքում: Նախքան լուսանկարիչ դառնալը ես պարող էի: Ինձ համար պարն այն սակավաթիվ միջոցներից մեկն էր երբեք չճանաչած և կորուսյալ հայրենիքիս հետ կապ հաստատելու համար: Երբ ես պարում էի հայկական պարեր, ես դառնում էի լիարժեք հայ ու կարծես թե մարմնիս շարժումների միջոցով փորձում էի այլոց փոխանցել տատերիցս ու պապերիցս լսած պատմությունները»,-ասում է ֆրանսահայ Անտուան Ագուջյանը, ում տպավորիչ լուսանկարներից մեկին անդրադարձել է բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը:

 

«Պարից զատ սկսեցի զբաղվել լուսանկաչությամբ, որն ինձ հնարավորություն տվեց ուսումնասիրել ազգիս պատմությունը: Ամեն անգամ, երբ ես լուսանկարում եմ, առերսվում եմ այն պատմության հետ, որն ինձ մանուկ հասակում մեծ ցավ էր պատճառում:

 

1998թ. Ապարանում էի: Այդ երեկո տեղի պարային խմբերից մեկը բացօթյա ելույթ էր ունենում:  Միջոռացմանը հետևելու համար հավաքվել էին  մոտակայքում ապրող , գրեթե, բոլոր մարդիկ: Մեծ ու փոքր նստել եին ծալովի աթոռներին ու գետնին, իսկ հետին ֆոնին երևում էին լեռներն ու ժայռերը, որոնք ամբողջական էին դարձնում այս տեսարանը:

 

Նոր էի արել առաջին լուսանկարը, երբ ինձ մոտեցավ մի տարեց տղամարդ` արցունքոտ աչքերով: Նա պատմեց, որ վերջերս տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով կորցրել է որդուն, ով իր հպարտությունն ու ուրախությունն էր: Տղամարդը սկսեց հեկեկալ ու փաթաթվեց ինձ: Նրա անունը Իշրան էր:

 

Ես հարցրի, թե արդյոք նա ինձ համար կպարի, և նա չմերժեց, պարեց: Խմբի անդամները քիչ-քիչ հետ քաշվեցին: Տղամարդու պարը շատ գեղեցիկ էր, քանի որ նա իր մեջ կրում էր հայ մարդու հավաքական կերպարը` այն է`լինել պայքարող ու դիմակայող` անտեսելով կորստի ցավը:

 

Նույն պատկերն էր նաև Ցեղասպանությունից հետո: Մարդիկ վտարվել էին իրենց հայրենիքից, բայց հավատում էին, որ մի օր ի վերջո կվերադառնան այնտեղ:

 

Կարծում եմ` որքան ավելի շատ է Էրդողանը հերքում Ցեղասպանության փաստը, այնքան ավելի ուժեղ ենք մենք դառնում: Մենք գիտենք ինչ ասել է բնաջնջման վտանգը ու անկախ ամեն ինչից դիմակայում ենք դրան»,-եզրափակել է հայազգի լուսանկարիչը:

 

Որդեկորույս հոր պարը. The Guardian-ն անդրադարձել է Անտուան Ագուջյանի տպավորիչ լուսանկարին