«Ավատարի» ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը որոշել է 4 շարունակություն նկարահանել
«Ավատար» ֆիլմի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնն առաջին մասին թողարկումից տարիներ անց վերջապես կողմնորոշվել է, թե որքան շարունակություն է ունենալու ֆիլմաշարը:
Ինչպես տեղեկացնում է The Independent-ը, ռեժիսորը հայտնել է, որ ֆիլմաշարի շարունակությունը բաղկացած կլինի 4 մասից: Երկրորդ, երրորդ, չորրորդ և հինգերորդ մասերը կինոթատրոնների էկրաններին կհայտնվեն առաջիկա տասնամյակում:
Օսկարակիր ռեժիսոր և սցենարիստ Քեմերոնը, ով նկարահանել է նաև «Տիտանիկ» ու «Տերմինատոր» ֆիլմերը, խոստովանել է, որ ըստ նախնական ծրագրի` «Ավատարը» եռերգություն պետք է լիներ, սակայն նա գրել է շարունակություն, որը բավականին երկար է ստացվել:
«Ավատարի» երկրորդ մասը նախատեսվում է թողարկել 2018-ի դեկտեմբերին, որին կհաջորդեն «Ավատար 3»-ը` 2020-ի դեկտեմբերին, «Ավատար 4»-ը` 2022-ի դեկտեմբերին և «Ավատար 5»-ը` 2023-ի դեկտեմբերին:










