Մարդիկ պետք է հասկանան, որ պետք չէ ապատեղեկատվությամբ լարել մթնոլորտը. Ալվարդ Պետրոսյան
Հուլիսի 17-ից հետո Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններից պետք է դասեր քաղել. հասարակությունը պետք է կարգապահություն սովորի, իսկ իշխանավորները պետք է ժողովրդի թեկուզ մի փոքր զանգվածին չհասցնեն կրիտիկական կետի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանը՝ անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ-ի գնդի գրավմանն ու ընդհանուր իրավիճակին:
«Ես կտրականապես դեմ եմ, որ մեր երկրի ներսում նման ձևաչափով պայքար տեղի ունենա, բայց ես բոլորովին էլ այն կարծիքին չեմ, որ ամեն ինչ իր տեղում է: «Սասնա ծռերը» միամտորեն, շատ կոպիտ սխալներ արեց, Հայաստանում «Մայդան» սարքել չի կարելի, որովհետև մենք հենց այս պահին էլ պատերազմի մեջ ենք»,-ասաց Պետրոսյանը:
Հրապարակախոսն ասաց, որ հաղթող ու պարտվող կողմեր չի փնտրում այս իրադարձություններում, ավելին, ըստ նրա` բոլոր կողմերն էլ պատված են, իսկ վճարած գինը շատ թանկ է եղել. «Երկու զոհ ենք ունեցել, իսկ աշխարհն ու Բաքուն ամեն օր ցուցադրում են մեր երկրում տիրող իրավիճակը, այն դեպքում, երբ իրենց երկրներում ավելի վատ իրավիճակ տիրում: Այս տղաները չհասկացան՝ ինչ են անում: Գոյություն ունեն նաև այլ հարցեր. պատերազմից վերադարձել են, սոցիալական և այլ խնդիրներ կան, այդ ամենը գումարվել են իրար և իրենք որոշել են, որ այդպիսի քայլի պիտի դիմեն»:
Հարցին, թե հրապարակախոսի նշած խոցելի խավի վրա ի՞նչ ազդեցություն կունենա ՊՊԾ գնդից տարածած և պաշտոնական տեղեկությունները, Ալվարդ Պետրոսյանն ասաց, որ շատ խեղաթյուրված լուրեր են տարածվում սոցիալական ցանցերում, ինչը վտանգավոր է. «Դժբախտաբար ֆեյսբուքյան տեղեկատվությունն ավելի մեծ տարածում ունի, և հնարավոր չէ բոլորին ասել, որ ինչ-որ բանն այդպես չէ: Մարդիկ պետք է հասկանան, որ պետք չէ ապատեղեկատվությամբ լարել մթնոլորտը»:
Անդրադառնալով հուլիսի 15-ից ի վեր տեղի ունեցող իրադարձություններում պատկան կառույցների աշխատանքներին, Ալվարդ Պետրոսյանն ասաց, որ իրեն զարմացրել է Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատանքային տակտն ու համբերությունը. «Շատ հեշտ էր հինգ րոպեում հարցեր լուծել, սակայն 15 օր անընդմեջ թուք ու մուր ստանալը մեծ համբերություն է պահանջում: Մարդիկ կան, ովքեր ասում են, թե չեն կարողանում լուծել առաջացած խնդիրները, բայց դա այդպես չէ: ԱԱԾ ղեկավարի աշխատանքով հիացած եմ, որ նոր մարդ է, եթե ինքն է կողմոնորշիչը, ապա շատ խելացի էր այս ամենը կատարվում, ոստիկանների կողմից` նույնպես, նրանք էլ մեր տղաներն են»:
Ալվարդ Պետրոսյանը նաև հավելեց, որ «Սասնա ծռերի» նկատմամբ պետք է մեծահոգի լինել՝ անկախ նրանց արած քայլերից. «Ուզում եմ, որ դատելու ժամանակ հիշեն, որ այս տղաներն էլ են մերոնք՝ իրենց սխալներով, վայրագություններով ու հիմարություններով հանդերձ»:










