Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքին հաջորդեց երթ

21:02 • 31.07.16

22.00

Երևանի Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքը շարունակվեց երթով՝ ի աջակցություն այսօր իշխանություններին հանձնված «Սասնա ծռեր» զինված խմբի։ 

21.02

Շուրջ 15 օր Երևանում Ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված «Սասնա ծռեր» խումբը հանձնվեց իշխանություններին, սակայն Ազատության հրապարակում մեկնարկել է հերթական հանրահավաքը:

«Սասնա ծռերին» աջակից խմբի համակարգող խորհրդի անդամ Տիգրան Խզմալյանը Ազատության հրապարակում հայտարարեց, որ չճշտված տեղեկություններով՝ զինված խմբի անդամների մի մասը որոշ պայմանների դիմաց զենքը վայր է դրել։

Նշենք, որ այսօր հանրահավաքները համակարգող Ալբերտ Բաղդասարյանը հայտարարել էր համակարգող խորհրդի գործունեության մասին. «Համակարգող խորհուրդը, որի անդամն եմ նաև ես, հայտարարել է իր գործունեության դադարեցման մասին՝ ելնելով այն բանից, որ մեծ մասը՝ նաև Ալեք Ենիգոմշյանը, կալանված կամ ձերբակալված են, մի մասն էլ ինչ-ինչ պատճառներով ի վիճակի չեն շարունակել իրենց գործունեությունը»։

Հիշեցնենք, որ քիչ առաջ «Առաջին լրատվականին» է զանգահարել «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը՝ հանդես գալով հայտարարությամբ, որում խոսում է զենքերը վայր դնելու մասին: