Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել

17:33 • 01.08.16

«Նոր Հայաստան հանրային փրկության ճակատի» անդամ Անդրիաս Ղուկասյանին քիչ առաջ մեղադրանք է առաջադրվել 225 հոդվածի 1-ին մասով՝ զանգվածային անկարգություն հրահրելու հատկանիշներով:  Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ղուկասյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը:  

Այսօր դատարանը քննարկելու է Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը, բացի այդ դատարանը կքննարկի ձերբակալությունը վիճարկելու հարցը:

«Լրանում է նրա ձերբակալման ժամկետը: Մեր կողմից բողոքարկվել է նրա ձերբակալման որոշումը, որովհետև ապօրինի է գործընթացը, որևէ իրավական հիմնավորում չունի: Ես սպասում եմ, որ դատարանից հրավիրեն մեզ էդ հարցի քննարկմանը»,- ասաց պաշտպանը:

Ըստ փաստաբանի՝ հուլիսի 29-ի երեկոյան Անդրիաս Ղուկասյանին ոստիկանները մահակներով դաժանորեն ծեծել են հավաքի անցկացման վայրում, իսկ երբ փորձել է տուն հասնել, ձերբակալել են:

«Վնասվածքները բազմաթիվ են, հիմնականում ծնկների շրջանում մահակներով հարվածներ է ստացել, այն աստիճանի, որ տեղաշարժման հետ խնդիր ունի»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ նրան միայն այսօր օրվա երկրորդ կեսին են ռենտգենային հետազոտության ենթարկել:

Ըստ փաստաբանի՝ նախաքննական մարմինը տեղյակ է վնասվածքների մասին, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, սակայն մինչ այժմ կոնկրետ բժշկական օգնություն կոտրվածքների մասով չի ցուցաբերվել Ղուկասյանին: