Պավլիկ Մանուկյանը շարունակում է հացադուլը, իսկ նրա և որդու՝ Արամ Մանուկյանի խափանման միջոցը կբողոքարկվի. փաստաբան

13:22 • 01.08.16

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի և նրա որդու` Արամ Մանուկյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը կիրառելուց հետո, նրանք տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց, սակայն բուժօգնության կարիք ունեն և պահանջ կա, որպեսզի տեղափոխվեն «Էրեբունի» ԲԿ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Պավլիկ և Արամ Մանուկյանների փաստաբան Ինեսսա Պետրոսյանը:

«Պավլիկ Մանուկյանը ինչ լքել է ՊՊԾ գնդի տարածքը մինչ օրս հացադուլ է հայտարարել, և ասում է, որ այսուհետ այսկերպ է պայքարելու իր ժողովրդի համար»,- ասաց փաստաբանը:

Փաստաբանը նաև հայտնեց, որ դատապարտյալների հիվանդանոցում անմարդկային պայմաններ են եղել և ինչ-որ  չափով պայմանները փոփոխվել են բազմաթիվ դիմում-բողոքներից հետո, այդ թվում նաև՝ Եվրոպական դատարան հրատապ դիմումից հետո. «Դատապարտյալների հիվանդանոցում խավարասերներ էին, միջատներ, վերքերը բաց էին, իսկ հիվանդանոցում հակահիգիենիկ պայմաններ էին: Իշխանությունները ուշքի եկան տեսնելով սոսկալի պայմանները: Արդեն առանձին սենյակներ են տրամադրվել, հիվանդանոցային մահճակալներ, երկու օր անց բուժսպասարկող անձնակազմ է բերվել, երեկ էլ՝ հերթապահ բժիշկ»:

Փաստաբանը նաև նշեց, որ Վերաքննիչ դատարան բողոք է ներկայացնելու` իր պաշտպանյալների նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխելու համար:

Ինեսսա Պետրոսյանը նաև հայտնեց, որ պաշտպանական կողմը սպասում է իշխանությունների խոստումներին, այն է` եթե «Սասնա ծռեր» խմբի անդամները վայր դնեն զենքը և հանձնվեն իշխանություններին, ապա հանցակազմի բացակայության դեպքում ազատ կարձակվեն. «Սպասում ենք, թե արդյոք վարույթն իրականացնող կողմից այդ կոչերը իշխանությունն իրականացնելու է, թե՝ ոչ: Խոստումը չպահելու դեպքում իշխանությունը խնդիր կունենա, որովհետև ժողովուրդը ոտքի է կանգնել»:

Հիշեցնենք, որ Պավլիկ  Մանուկյանին և Արամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով: Նշենք, որ 219-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելը կամ դրանք պահելը՝ զուգորդված՝ դրանք ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքով, որը կատարվել է զավթածն ազատելու պայմանով պետությանը, կազմակերպությանը կամ քաղաքացուն որևէ գործողություն կատարելուն կամ որևէ գործողություն կատարելուց ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից։

235 հոդվածի 3-րդ մասը սահմանում է՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը կազմակերպված խմբի կողմից: Ըստ մեղադրանքի` մի դեպքում նախատեսվում է 6-12 տարի ազատազրկում, մյուս դեպքում՝ 3-8: