Անդրիաս Ղուկասյանը կոտրվածքներ ունի, սակայն Ոստիկանությունը հրաժարվում է պատշաճ բուժօգնություն տրամադրել. փաստաբան

12:00 • 01.08.16

Այսօր լրանում է «Նոր Հայաստան հանրային փրկության ճակատի» անդամ Անդրիաս Ղուկասյանի ձերբակալման 72 ժամը: 

«Հուլիսի 29-ի երեկոյան Անդրեաս Ղուկասյանին ոստիկանները մահակներով դաժանորեն ծեծել են հավաքի անցկացման վայրում, իսկ երբ փորձել է տուն հասնել, ձերբակալել են: Վնասվածքները բազմաթիվ են, հիմնականում ծնկների շրջանում մահակներով հարվածներ է ստացել, այն աստիճանի, որ տեղաշարժման հետ խնդիր ունի, սակայն մինչ այս պահը հետազոտություն չի իրականացվել, որ պարզվի, ի վերջո, կոտրվածքներ կա՞ն, թե՞ ոչ: Հրավիրվել է«Շտապօգնություն», պարզապես օգնությունը սահմանափակվում է ցավազրկողներ տալով և բաց վերքերը վիրակապելով»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Ղուկասյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը:  

Ըստ փաստաբանի՝ նախաքննական մարմինը տեղյակ է վնասվածքների մասին, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, սակայն մինչ այժմ կոնկրետ բժշկական օգնություն կոտրվածքների մասով չի ցուցաբերվել Ղուկասյանին:

«Լրանում է նրա ձերբակալման ժամկետը: Մեր կողմից բողոքարկվել է նրա ձերբակալման որոշումը, որովհետև ապօրինի է գործընթացը, որևէ իրավական հիմնավորում չունի: Ես սպասում եմ, որ դատարանից հրավիրեն մեզ էդ հարցի քննարկման»,-ասաց պաշտպանը: