Մինչև մյուս տարվա խորհրդարանական ընտրությունները շատ բան է փոխվելու. քաղաքագետ
Մինչև մյուս տարվա խորհրդարանական ընտրությունները շատ բան է փոխվելու. այն բոլոր խոստումները, որ տարբեր քաղաքական ուժերին տրվում են, բոլորի սպասելիքները չեն կատարվելու. Tert.am-ի հետ զրույցում խոսելով «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գունդը գրավելուց հետո խորհրդարանական ուժերի վարքագծի մասին՝ ասաց «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը:
Նա նշեց, որ խորհրդարանական ուժերի մեծ մասը գնդի գրավման ամբողջ ընթացքում ոչ ադեկվատ արձագանքեց Խորենացի փողոցում տեղի ունեցող իրադարձություններին. «Իմ կարծիքով՝ շատերը հնարավորություն ունեին անկեղծ ժողովրդի կողքը լինելու. և կարևոր չէր, թե որ ուժի կողմը կլինեին, հարցն այն է, որ ժողովրդի համար շատ ծանր իրավիճակ էր և պետք է նրա կողքին լինեին… բայց ամեն քաղաքական ուժ ինքը որոշեց, թե ինչ է ուզում, իսկ դրա պատասխանը նա կստանա ժողովրդից՝ ընտրությունների ժամանակ»,- ասաց Ստեփան Գրիգորյանը:
Ըստ քաղաքագետի՝ խորհրդարանական քաղաքական գործիչները չարձագանքեցին շատ հասարակ պատճառով. շատերը չհասկացան, որ դժգոհությունները շատ-շատ են, ներքինից սկսած մինչև արտաքին խնդիրներ, և այդ ամենից դժգոհ ժողովուրդը եկող տարի ընտրություններին անպայման մասնակցելու է:
Ստեփան Գրիգորյանը նշեց, որ վերջին իրադարձությունները ցույց տվեցին նաև, որ երկրի ներքաղաքական կյանքում լուրջ խնդիրներ կան, և գրասենյակներում քաղաքական ուժերի միջև եղած պայմանավորվածությունները չեն գործելու. «Առանձնասենյակներում ոչ մի հարց չի լուծվելու, ընտրությունների միջոցով հրապարակներում կլուծվեն շատ հարցեր»:
Քաղաքագետը նաև կանխատեսեց, որ եղած պայմանավորվածությունները չեն աշխատի նաև այն պատճառով, քանի որ մինչ այդ շատ լուրջ իրադարձություններ են տեղի ունենալու և փոխելու են եղած ներքաղաքական իրավիճակը:










