Ազատության հրապարակի հանրահավաքին հաջորդեց երթ
20.05
Ազատության հրապարակում հանրահավաքին հաջորդեց երթ դեպի Ազգային անվտանգության ծառայության շենք՝ ի նշան այնտեղ գտնվող իրենց ընկերներին աջակցության։
Մինչ այդ ակտիվիստ Անի Նավասարդյանը առաջարկով հանդես եկավ: «Ես առաջարկում եմ «Հարյուր դրամի» ակցիաների նման քաղաքը ողողել հերոսների նկարներով և ոչ միայն Պավլիկենց, այլ նաև Շանթենց և այլ արցախյան ազատամարտի հերոսների նկարներով»,-ասաց նա և նշեց, որ դա մարդկանց կոգեշնչի:
Նա ներկայացրեց նաև մեկ այլ քաղաքացու առաջարկ: «Երբ սկսեն մեր տղաներին դատել, ճնշում գործադրենք դատավորների և դատախազների վրա, գնանք տներով և հարևանությամբ, թաղամասով այնպես խայտառակ անենք իրենց կամ սպառնանք, որ ամաչեն տանից դուրս գալ»,-հայտարարեց նա:
21.36
Ազատության հրապարակում քիչ առաջ մեկնարկեց հանրահավաք, որի ժամանակ ելույթ ունեցողներից մեկը «խայտառակություն» համարեց որոշ քաղաքական գործիչների նկատմամբ դատարանի նշանակած երկու ամիս նախնական կալանքի որոշումը:
«Դատաիրավական համակարգին կոչ ենք անում, կոչ ենք անում նաև Վիտալի Բալասանյանին, որ հարգելի՛ գեներալ, միջնորդե՛ք, որ այս պայթունավտանգ վիճակը անարյուն հանգուցալուծվի, օր առաջ փոփոխվի Արմեն Մարտիրոսյանի, Եղիշե Պետրոսյանի, Դավիթ Սանասարյանի, Անդրեաս Ղուկասյանի խափանման միջոցը»,-հայտարարեց նա:
Հանրահավաքին նարեկագետ Աշոտ Պետրոսյանը, նշեց, որ ի զորակցություն հայ ժողովրդի ազատամարտիկ որդիների, ովքեր «բռնակալված» են, այս պահին հայտարարում է անժամկետ հացադուլ: Նա նշեց, որ իր առաջին պահանջն է, որ օր առաջ ազատ արձակվեն բոլոր «քաղբանտարկյալները», Ժիրայր Սեֆիլյանը, Ալեք Ենիգոմշյանը:
«74 տարեկան մարդ եմ, ինչ-որ էմոցիաների ազդեցության տակ չեմ: Նրանց սխրանքը կրկնությունն է մեր Մամիկոնյանց, Վարդանանց ուխտի, նրանք կենդանի սուրբ նահատակներ են, և դա մենք պետք է լավ զգանք»,-ասաց նա։










