Բրազիլիայում Օլիմպիադայի նախաշեմին ուժեղացվել են անվտանգության միջոցները
Ռիո դե Ժանեյրոյի իշխանությունները որոշել են Օլիմպիական խաղերի ընթացքում անվտանգությունն ապահովող ռազմական ոստիկանության աշխատակիցների թիվն ավելացնել մեկ երրորդով։ Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը։
Նշվում է, որ նոր որոշման արդյունքում Օլիմպիադայի ժամանակ ներգրավված է լինելու ռազմական ոստիկանության մոտ 14 հազար աշխատակից, և անվտանգության ուժեղացումը հիմնականում վերաբերելու է Օլիմպիական պուրակին, Օլիմպիական ավանին ու մարզադաշտերին։
Աղբյուրը մանրամասնում է, որ Օլիմպիական խաղերի ընթացքում անվտանգությունն ապահովելու է ընդհանուր առմամբ 85 հազար աշխատակից, իսկ ոստիկանությունից բացի ներգրավվելու են ցամաքային ու ռազմածովային ուժերը։
Հիշեցնենք, որ 2016 թվականի Օլիմպիական խաղերն անցկացվելու են Ռիո դե Ժանեյրոյում՝ օգոստոսի 5-21 ընկած ժամանակահատվածում։










