Ինքնահրկիզված Քաջիկ Գրիգորյանի մոտ սկսվել է թունավորման 2-րդ շրջանը, մյուս հիվանդի վիճակը բավարար է. բժիշկ
Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզում իրականացրած Քաջիկ Գրիգորյանի մոտ այրվածքային հիվանդության երկրորդ` թունավորման շրջանն է, ինչպես և կանխատեսվել էր:
Այս մասին Tert.am-ին հայտնեց Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնի ղեկավար Նորայր Դավիդյանցը:
«Տոքսինիայի /թունավորման/ շրջանի մեջ է, ու կսկսվի սեպսիս, կոպիտ ասած, գնում է օրգանիզմի թունավորում»,- ասաց բժիշկը:
Նա նշեց, որ Քաջիկ Գրիգորյանն ունի պարզ գիտակցություն, նրան միացված չէ արհեստական շնչառության սարք, և ստանում է մետադոնային բուժում: Թմրամիջոցը բերվում է հոգեբուժարանից, որտեղ քաղաքացին հաշվառված է:
Քաջիկ Գրիգորյանն ունի մինչև 20 տոկոս վերին շնչուղիների, գլխի, /ձայնը այրվածքներից փոխվել է/ , կրծքավանդակի, ձեռքերի, մեջքի, նստատեղի, ոտքերի մի մասի այրվածքներ:
Հիշեցնենք, որ նա Բաղրամյան պողոտայում անցկացված հանրահավաքի ժամանակ անսպասելի իր վրա բենզին էր լցրել և ինքնահրկիզվել։
Հիշեցնենք նաև, որ նույն կենտրոնում է գտնվում Սարի թաղի միջադեպի ժամանակ այրվածքներ ստացած Թամարա Մանուկյանը: Ըստ Նորայր Դավիդյանցի` Թամարա Մանուկյանը ապաքինվում է, վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ:
«Վիճակը բավարար է, բայց բուժման կարիք ունի»,- ասաց Նորայր Դավիդյանցը: Ըստ նրա` երիտասարդ աղջիկը ստացել է 2-րդ, 3-րդ աստիճանի այրվածքներ, և պլաստիկ վիրահատության կարիք չի ունենա: Նրա մոտ կան նաև բեկորային վնասվածքներ:
Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ հուլիսի 29-ին Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով Երևանի բժշկական կենտրոններ դիմածներից դուրս է գրվել ևս 5 տուժած։ Հիվանդանոցային բուժումը շարունակում է 17 անձ, որից 3-ը` ոստիկան, 2-ը` լրագրող։
Ընդհանուր առմամբ, հուլիսի 17-ից սկսված իրադարձությունների հետևանքով հիվանդանոցային բուժումը շարունակում է 25 անձ, որից 6-ը` ոստիկան, 2-ը` լրագրող, 3-ը` զինյալ խմբից։ Վերակենդանացման բաժանմունքներում են 5-ը։










