Նյու Յորքի նահանգապետը բռնաբարողներին արգելել է Pokémon Go խաղալ
Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կոումոն հայտարարել է, որ այսուհետ բռնաբարություն կամ սեռական բնույթի այլ հանցանքներ իրականցրած անձանց արգելվում է Pokemon Go խաղալ:
Ինչպես նշում է The Verge-ը, բացի այդ պաշտոնյան նամակ է ուղղել խաղի ստեղծող Niantic ընկերությանը` խնդրելով մշակել մի մեխանիզմ, որը կկանխեր բնաբարիչների կողմից Pokemon Go-ն խաղալու հնարավորությունը:
«Նյու Յորքի երեխաների պաշտպանությունը մեզ համար առաջնային կարևորություն ունեցող հարց է: Առաջադեմ տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ մենք պետք է վստահ լինենք, որ խաղային նոր հնարավորությունները արդյունավետ միջոց չեն դառնա հանցագործների համար նոր զոհեր գտնելու հարցում»,-նշվում է նահանգապետի հայտարարությունում:
Անդրադառնալով Կուոմոյի արգելքին` նահանգային իշխանությունները բացատրել են, որ Pokemon Go խաղում կան վիրտուալ անցակետեր, որտեղ խաղացողները պետք է գան ու միավորներ հավաքեն: Չի բացառվում, որ բռնաբարիչներն ու հանցագործները, տեղեկանալով անցակետերի գտնվելու վայրի մասին, գնան այնտեղ ու սպասեն իրենց պոտենցիալ զոհին:










