Թրամփը Քլինթոնին «սատանա» է անվանել
ԱՄՆ-ում ընթացող նախագահական մրցապայքարը գնալով ավելի է թեժանում, գրում է The Guardian-ը`մանրամասնելով, որ հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը վերջին ելույթում իր մրցակցին` դեմոկրատ Հիլարի Քլինթոնին, «սատանա» է անվանել:
Անդրադառնալով մրցապայքարից դուրս մնացած ու Քլինթոնին թիմին միացած նախկին թեկնածու Բեռնի Սանդերսին` Թրամփն ասել է, որ վերջինը «մութ գործարք է կնքել սատանայի հետ»:
Բացի այդ Օհայո նահանգում ունեցած ելույթի շրջանակում էքսցենտրիկ միլիարդատերը չի բացառել, որ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունները կարող են կեղծվել:
«Ես լուրջ մտավախություններ ունեմ առ այն, որ նոյեմբերի 8-ին կայանալիք ընտրությունները կարող են կեղծվել: Ես սա ասում եմ ամենայն անկեղծությամբ: Ուստի` մենք պարտավոր ենք զգույշ լինել, իսկ հանրապետականներն էլ չպետք է կորցնեն իրենց զգոնությունը»,-նշել է Թրամփը:
Բրիտանական պարբերականը նկատում է, որ սա խոշոր կուսակցության թեկնածուի կողմից աննախադեպ հայտարարություն է ԱՄՆ-ի ժամանակակից պատմության ընթացքում:










