Сегодня Ночью–ն ոչ մի խնդիր չի տեսնում Ադրբեջանի դիրքորոշման հետ և այսօր համերգ կտա Արցախում. Դ. Դվորնիկով

11:49 • 03.08.16

Սանկտպետերբուգյան հայտնի Сегодня Ночью խումբն այսօր համերգ է ունենալու Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում: Tert.am-ը համերգի կազմակերպման մասին խոսել է այն նախաձեռնող ռուս հրապարակախոս, Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի անդամ Դենիս Դվորնիկովի հետ:

Նա նշեց, որ նախաձեռնության միտքը հանկարծակի է առաջացել. «Ես ցանկացա, որ Արցախում անցկացվեր լավ համերգ: Որպեսզի երիտասարդները ուրախանան, պարեն, ցատկեն որակյալ ռոքի ներքո:  Ինձ թվում է, որ դրական էմոցիաները շատ թանկ ռեսուրս են, շատ կարևոր»,- ասաց ռուս հրապարակախոսը՝  ավելացնելով, որ  իր նախաձեռնությանն աջակցել են տասնյակ մարդիկ աշխարհի տարբեր մասերից: «Նրանք օգնել են հավաքել գումար համերգը կազմակերպելու համար: Այն ամբողջովին ապաքաղաքական է»,– ասաց նա:

Դենիս Դվորնիկովը պատմեց, համերգի կազմակերպչական աշխատանքներն սկսել են երևանյան իրադարձություններից՝ «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելուց շատ առաջ։ «Եղել է պահ, երբ միջոցառումը խափանման եզրին է եղել: Բայց ամեն ինչ հաղթահարվեց»,– խոստովանեց նա՝ ավելացնելով, որ շատ նյարդային պահեր են եղել։

Համերգը նախաձեռնողը նշեց, որ իր համար մեծ պատասխանատվություն էր այս աշխատանքով զբաղվելը, քանի որ համերգը կազմակերպելու համար անհրաժեշտ գումարը հավաքվել է ամբողջ աշխարհից. «Բացի այդ, ես չէի կարող հուսախաբ անել արցախցիներին, որոնք արդեն սպասում էին խմբի ելույթին»:

Ռուսական Сегодня Ночью խմբի ընտրությունն էլ, ըստ Դենիս Դվորնիկովի, պայմանավորված է նրանով, որ այն հրաշալի խումբ է, մեկը ռուսական լավագույն խմբերից: «Այն սանկտպետերբուրգյան խումբ է՝ հետաքրքիր պատմությունով, հիանալի հեղինակային բրիտ-փոփ ռոքի երաժշտական ոճով, մեծ թվով երկրպագուներով: Ես առաջարկեցի երաժիշտներին այցելություն Արցախ և նրանք պատրաստակամությամբ համաձայնեցին: Արցախի մասին տղաները գիտեն: Գիտեն, որ այն հայկական հինավուրց հող է, որ այստեղ սիրում և գնահատում են լավ երաժշտությունը: Հիմա արդեն նրանք գիտեն, որ այն շատ հաճելի վայր է՝ հարմարավետ և քաղաքակիրթ»:

Հարցին, թե արդյոք ռուսական ռոք խմբի անդամները տեղյակ են Արցախ այցելողների նկատմամբ Ադրբեջանի վերաբերմունքին,  չեն վախենո՞ւմ, որ կհայտնվեն այդ երկրի «սև ցուցակում», Դենիս Դվորնիկովը պատասխանեց. «Երաժիշտները գիտեն Ադրբեջանի սրված ներքաղաքական կյանքի մասին, բայց դրա հետ կապված ոչ մի խնդիր չեն տեսնում: Երաժշտությունը խաղաղություն է, և տղաները եկել են խաղաղությամբ՝ լավ էմոցիաներ տալու համար:  Ընդհանրապես, երաժիշտները բժիշկների նման են. նրանց համար սահմաններ չպետք է լինեն, չպետք է լինեն պայմանականություններ, պաշտոնյաներից ինչ-որ անմիտ հարցեր: Մտածում եմ, որ ադրբեջանցի գործիչները կգործեն հերթական հիմարությունը, եթե ինչ-որ հավակնություններ ներկայացնեն խմբին»:

 

 

 

Сегодня Ночью–ն ոչ մի խնդիր չի տեսնում Ադրբեջանի դիրքորոշման հետ և այսօր համերգ կտա Արցախում. Դ. Դվորնիկով