Կատալոնիայում ահաբեկչական գործողություն հիշեցնող ֆլեշմոբի պատճառով հինգ գերմանացի է կալանավորվել

15:39 • 03.08.16

Իսպանական Կատալոնիայի ոստիկանությունը Ժիրոնա քաղաքում ձերբակալել է աղմկոտ ներկայացում կազմակերպած և տեղացիներին վախեցրած հինգ գերմանացի զբոսաշրջիկի, նշում է РИА Новости-ն՝ հղում անելով Mundo հրատարակչությանը:

 

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան։ Ոստիկանությունը Ժիրոնայի առևտրի կենտրոններից մեկում հնարավոր հրաձգությունների վերաբերյալ ահազանգ է ստացել։ Դեպքի վայր ժամանած իրավապահ մարմինների աշխատակիցները պարզել են, որ 20-25 տարեկան Գերմանիայի հինգ քաղաքացի սելֆի-փայտերի ու խաղալիք ատրճանակների օգտագործմամբ ֆլեշմոբ են կազմակերպել։ Զբոսաշրջիկների աղմկոտ ներկայացումը առևտրի կենտրոնի այցելուների շրջանում խուճապ է առաջացրել, և նրանք կարծել են, թե ահաբեկչական գործողություն է իրականացվում։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ կալանավորված զբոսաշրջիկները հասարակական կարգը խախտելու և այցելուների մոտ խուճապ առաջացնելու համար կանգնելու են դատարանի առաջ։