Թրամփը նախագահի պաշտոնի համար սազական չէ. Օբաման կոչ է արել հանրապետականներին չեղարկել նրա թեկնածությունը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դիմել է Հանրապետական կուսակցությանը` նշելով, որ նախագահական մրցապայքարում իրենց թեկնածուն` Դոնալդ Թրամփը, իր հակասական հայտարարություններով գցում է կուսակցության պատիվ:
Ինչպես նշում է The Guardian-ը, Օբաման նկատել է, որ էքսցենտրիկ միլիարդատերն ամենևին էլ սազական չէ երկրի ղեկավարի պաշտոնի համար: Ուստի` նախագահը կոչ է արել հանրապետականներին դիմել աննախադեպ քայլի ու չեղարկել Թրամփի թեկնածության առաջադրումը:
«Այո’, ես կարծում եմ, որ հանրապետական թեկնածուն սազական չէ նախագահի պաշտոնի համար ու բավարար հմտությունների չի տիրապետում, որպեսզի զբաղեցնի այն: Նրա անխոհեմ հայտարարությունները, Եվրոպային, Մերձավոր արևելքին ու Ասիային վերաբերող առանցքային հարցերում տարրական գիտելիքների բացակայությունը վկայում են այն մասին, որ նա պատրաստ չէ նման պատասխանատվություն ստանձնելու համար»,-ասել է Օբաման Սինգապուրում ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:
Նշենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կայանալու են նոյեմբերի 8-ին: Նախագահի պաշտոնի համար պայքարն ընթանում է Թրամփի ու դեմոկրատ Հիլարի Քլինտոնի միջև:










