Պետք է ապահովել հուլիսի 17-31-ը դեպքերով քրգործերի վարույթների արդյունքների նկատմամբ ողջամիտ կանխատեսելիություն. ՄԻՊ
Հուլիսի 17-31-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ նախաքննության տարբեր մարմիններում հարուցվել և քննվում են քրեական գործեր: Այդ կապակցությամբ վերահաստատում ենք մեր դիրքորոշումը, որ այդ գործերով անհրաժեշտ է ապահովել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն՝ հնարավոր առավելագույն թափանցիկության և հաշվետվողականության պայմաններում:
Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։
«Ընդ որում, դա պետք է անել այնպես, որ ապահովվի այդ վարույթների արդյունքների նկատմամբ ողջամիտ կանխատեսելիություն: Միայն նշված սկզբունքների կիրառմամբ իրականացված վարույթները կարող են ապահովել արդյունավետություն և հանրային վստահություն այդ գործերի նկատմամբ:
Այս առումով, հաշվի առնելով զինված խմբի վերաբերյալ քրեական գործի նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը՝ կարևորում ենք այդ գործի քննությունը Ազգային անվտանգության ծառայության միջնորդությամբ Հատուկ քննչական ծառայությանը հանձնելը՝ անաչառ և համակողմանի քննություն ապահովելու և այդ կապակցությամբ առկա կասկածները փարատելու նկատառումով:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից իր լիազորությունների սահմաններում դրսևորվելու է անհրաժեշտ հետևողականություն արդյունավետ քննության նշված չափանիշների իրացման հարցում»,-ասվում է հաղորդագրությունում:










