«Սասնա ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանը կալանավորվեց 2 ամսով
Երևանի Արաբկիր և Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանին երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել:
Դատաքննությունը, ինչպես նաև խմբի այլ անդամների կալանավորման որոշումների միջնորդության քննարկումները տեղի են տեղի է ունեցել կեսգիշերին և տևել մինչև առավոտյան ժամը 7-ը:Այս մասին Tert.am–ին հայտնեց «Սասնա ծռեր» խմբի անդամներին պաշտպանող փաստաբանական խմբի անդամ Լուսինե Հակոբյանը:
«Տասից ավելի կալանքի նիստեր են եղել, այդ հրատապությունը չեմ հասկանում, քանի որ այդ 72 ժամը (մեղադրանք առաջադրելու համար նախատեսված - Tert.am) լրանում է այսօր»,- ասաց փաստաբանը:
Նշենք, որ այսօր նույն դատարանը 2 ամսով կալանավորելու որոշումներ է կայացրել նաև Արեգ և Սերգեյ Կյուրեղյանները և Արամ Հակոբյանի նկատմամբ:
Tert.am–ի հետ զրույցում փաստաբան Արա Ղարագյոզյանը հայտնեց, որ Վարուժան Ավետիսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել։
Հիշեցնենք, որ «Սասնա ծռերի» անդամներին մեղադրանք է ՀՀ Քր.օր.-ի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):










