Կողբում որդին գնդակահարել է հորը. նա և ընտանիքի այլ անդամներ հաշվառված են հոգեբուժական դիսպանսերում

13:11 • 04.08.16

Այսօր առավոտյան ժամը 6-ից 6.30-ի սահմաններում Տավուշի մարզի գյուղում ողբերգություն է տեղի ունեցել. գյուղի 25-ամյա բնակիչ Սարո Աբգարյանը որսորդական հրացանով սպանել է հարազատ հորը՝ 61-ամյա Արտաշես Աբգարյանին:

Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Կողբի գյուղապետարանի քարտուղար Սերժիկ Բարսեղյանը:

Նրա խոսքով՝ Սարո Աբգարյանը հաշվառված է հոգեբուժական դիսպանսերում, այս պահին այնտեղ է գտնվում նրա քույրը, իսկ ընտանիքի մայրը հոգեբուժական հիվանդանոցից մի քանի ամիս առաջ էր վերադարձել: Նա պատմեց նաև, որ սպանված Արտաշեսը դեռ երիտասարդ տարիքում ձեռք էր բերել հաշմանդամություն, աշխատունակ չէր:

Ըստ նրա` Արտաշես Աբգարյանին մահվան մասին տեղեկացրել են հարևանները, որոնք կրակոցի ձայներ լսելով` վազել են օգնության, ու ըստ կողբեցու` «բամբասանք չլինի, բայց ասել է` լավ եմ արել, դրա համար չարժի շտապ օգնություն կանչել»:

Մեր զրուցակիցը ընդգծեց, որ սա, իհարկե, Կողբում շրջանառվող խոսակցությունների մակարդակով է:

Իսկ, առհասարակ, Սերժիկ Բարսեղյանն ասում է, որ առերևույթ Աբգարյանների ընտանիքում վեճերի մասին իրենց հայտնի չէ, իսկ թե ինչ էր կատարվում «չորս պատից ներս» մեր զրուցակցին հայտնի չէ:

Վեճի հնարավոր պատճառների մասին կողբեցին ասաց. «Հարյուր տոկոսով կենցաղային հողի վրա կլինի եղած, բայց կոնկրետ խոսակցության թեման ի՞նչ է եղել, ոչ ոք չգիտի»:

Նշենք, որ հենց հարևաններն են ահազանգել ոստիկանություն, որից հետո ոստիկանները ժամանել են դեպքի վայր և բերման ենթարկել Սարո Աբգարյանին: