Այս տարի կավարտվի Ազգային արխիվի ֆիլմերի թվայնացման գործընթացը

09:35 • 04.08.16

Ընթացիկ տարում ամբողջությամբ կավարտվի Ազգային արխիվի ֆիլմերի թվայնացման գործընթացը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը: 


«Այս տարի կինոնկարների թվայնացումը կավարտենք: Արդեն թվայնացվել է 1927 կինոնկար: Մեզ մոտ պահվում է 2 հազար 200 կինոնկար: Մնացածն էլ այս մի քանի ամիսներին կավարտենք ու արդեն կարող ենք ասել, որ ամբողջ կինոհավաքածուն ունենք էլեկտրոնային տարբերակով»,- նշեց Ամատունի Վիրաբյանը: 

Ազգային արխիվում պահվող ամենահին տեսապատկերը 1911 թվականին նկարահանված կաթողիկոս Իզմիրլյանի թաղման տեսանյութն է: Դրանից բացի, պահվում է առաջին գեղարվեստական ֆիլմը` 1925 թվականին նկարահանված «Նամուս»-ը, ինչպես նաև դրանից հետո նկարահանված ֆիլմերը: Ամատունի Վիրաբյանի խոսքով, ամեն դեպքում ժապավենները մնալու են:


Արդեն մի քանի տարի է` շարունակվում է արխիվային փաստաթղթերի թվայնացման գործընթացը: Դրա շնորհիվ տեղեկությունն առավել հասանելի է դառնում: 

 

 

Այս տարի կավարտվի Ազգային արխիվի ֆիլմերի թվայնացման գործընթացը