Վիետնամական ռեստորանի սեփականատերն արգելել է չինացիների մուտքն իր հաստատություն

10:23 • 04.08.16

Վիետնամական Դանանգ քաղաքի ռեստորաններից մեկի սեփականատերն արգելել է չինացիների մուտքը, գրում է The Shanghaiist-ը:


Չինաստանից հյուրերին տեղեկացնելու համար ռեստորանի տերը մուտքի առաջ կախել է վահանակ` «Չինացիներին ոչինչ չեմ վաճառում» գրառմամբ: Իշխանությունները պահանջել են նրանից հանել հայտարարությունը, սակայն նա բացատրել է, որ չինացիները միայն բազմաթիվ անհարմարություններ են պատճառում, ինչպես նաև խանգարում են այլ այցելուներին:

Ռեստորանի սեփականատերը բացատրել է, որ նախկինում նա հաճույքով է ընդունել չինացի հյուրերին և նույնիսկ խոսել է նրանց հետ անգլերեն, սակայն նրանք միշտ ձևացրել են, թե չեն հասկանում և իրենց շատ վատ են պահել:

Նա նշել է, որ չինացիները փորձել են հաշիվը վճարել յուանով, ինչն արգելված է երկրի օրենքներով: Իսկ եթե հաջողվում է նրանց համոզել վճարել վիետնամական գումարով, ապա փորձում են ցանկացած միջոցով զեղչ կորզել:

Այնուամենայնիվ, վիետնամցու բացատրությունները չեն համոզել պաշտոնյաներին, և վահանակը ստիպված են եղել հանել: