Ծաղկաձորում կմեկնարկի Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 5-րդ փառատոնը

14:13 • 05.08.16

Օգոստոսի 10-ին Ծաղկաձորում կմեկնարկի Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 5-րդ փառատոնը:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Երևանի մնջախաղիպետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը: Ծրագրում ընդգրկված են մնջախաղի ներկայացումներ, կրկեսային, ակրոբատիկ, աճպարարական համարներ, պարային ներկայացումներ:

Օգոստոսի 10-15-ն անցկացվող փառատոնին կմասնակցեն թատերախմբեր և անհատ մնջախաղացներ Սերբիայից, Վրաստանից, Իրանից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից և Ֆրանսիայից: Մեր հանրապետությունից փառատոնում ընդգրկված են Երևանի մնջախաղի պետական թատրոնը, ինչպես նաև թատրոնին կից խուլերի «Մենք» մնջախաղի թատրոն-ստուդիան՝ «Հոսանքին հակառակ» ներկայացմամբ:

Հանդես կգան նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողներ, կցուցադրվեն ավարտական աշխատանքներ, պարային ներկայացումներ: Ներկայացվելու են նաև էթնիկ պարեր, բրեյք-դանս: Փառատոնի օրերին անցկացվելու են վարպետության դասեր ինչպես հայ, այնպես էլ օտարերկրյա հյուրերի` Մնջախաղի միջազգային ասոցիացիայի նախագահ Մարկո Ստոյանովիչի, ֆրանսահայ հայտնի դերասան Վահրամ Զարյանի և այլոց մասնակցությամբ:

Այդ օրերին գործելու է Երևան-Ծաղկաձոր-Երևան անվճար երթուղին, և մայրաքաղաքի բնակիչները ևս հնարավորություն կունենան մասնակցելու փառատոնին, դիտելու զանազան ներկայացումներ:

 

 

Ծաղկաձորում կմեկնարկի Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 5-րդ փառատոնը