Այ Վեյվեն միգրացիոն ճգնաժամին նվիրված ցուցադրություն է նախապատրաստում
Ամստերդամում սեպտեմբերին կբացվի նոր խոշոր #SafePassage խորագրով ցուցադրություն, որի հեղինակը չինացի հայտնի նկարիչ Այ Վեյվեն է, հայտնում է buro247.ru-ն:
Հեղինակը ներառված է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց 100-յակում: Իր արտահայտությունների համար նա իր հայրենիքում բազմիցս ենթարկվել է հետապնդումների և նույնիսկ գտնվել է կալանքի տակ: Չինաստանի կառավարության կողմից ճնշումը ստիպել է նկարչին ընդմիշտ լքել երկիրը և հիմնավորվել Գերմանիայում:
Իր նոր աշխատանքների միջոցով Այ Վեյվեն գրավում է հասարակության ուշադրությունը միգրացիոն ճգնաժամի հանդեպ: Այս տարվա փետրվարի սկզբին նա Բեռլինի համերգասրահի սյուները փաթաթել էր փչովի նավակներով և նարնջագույն փրկազգեստներով, որոնք հունական Լեսբոս կղզի ժամանող սիրիացի փախստականները թողել էին ափին:
Հուլիսին Վիեննայի այգիներից մեկի շատրվանի կենտրոնում այդ փրկազգեստներից նա հսկայական F տառն էր պատրաստել, իսկ հաջորդ տարի խոստանում է հանդիսատեսին հանձնել վավերագրական ֆիլմ, որը կպատմի օտար երկրում ներգաղթյալների կյանքի մասին:
Աղբյուրը նշում է, որ այս բոլոր նախագծերը մեկ շղթայի մասերն են, և նոր խոշոր ցուցադրությունը բացառություն չի լինի: Այն պայմանականորեն կարելի է բաժանել 2 մասի: Առաջինում կներկայացվեն աշխատանքներ, որոնք նկարիչը ստեղծել է` լինելով չինական իշխանությունների հսկողության ներքո և անմիջապես Եվրոպա տեղափոխվելուց հետո, իսկ 2-րդ մասում կտեղակայվեն փախստականների և նրա կենցաղի հարյուրավոր լուսանկարներ, որոնք Վեյվեն լուսանկարել է բջջային հեռախոսով Հունաստանի և Մակեդոնիայի ճամբարներում:










