Գյումրու Սև բերդը կշահագործվի որպես հասարակական նշանակության կառույց
Գյումրու պատմամշակութային ժառանգություն համարվող Սև բերդը կծառայի որպես հասարակական նշանակության կառույց: Այս մասին «Արմենպրես»-ին վստահեցրեց Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը:
Հուշարձանի վերականգման աշխատանքներն արդեն ավարտված են և առաջիկա ամիսների ընթացքում այն շահագործման կհանձնվի: Սև բերդը կամ, ինչպես գյումրեցիներն են ասում, Սև ղուլը, ՀՀ կառավարության որոշմամբ, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված է որպես հանրապետական նշանակության հուշարձան, սա է պատճառը, որ տարիներ առաջ մասնավորեցված կառույցի ճակատագիրը դեռ քննադատությունների է հանդիպում. Ժամանակին ռուսները, ում պատկանում էր բերդը, այն հանձնում են ՀՀ պաշտպանության նախարարությանը։ 2005-ին կառույցը պաշտպանության նախարարությունից գնել է Հայկ Հայրապետյանը, ում մահից հետո 2012 թվականին կառույցը վերավաճառվել է Բալասանյանների ընտանիքին։
«Կառույցը պետության կողմից մասնավորեցվել է անհատի, ով էլ սկսել էր շինարարական աշխատանքներ իրականացնել, հետագայում, վերջինիս մահվան պատճառով, շինարարական աշխատանքները կիսատ էին մնացել, կար նախագիծ, հետո այն անցավ այլ սեփականատիրոջ, ով էլ շարունակեց շինարարական աշխատանքները: Շինարարական աշխատանքները՝ և՛ թույլտվությունը, և՛ նախագիծը, ամեն ինչ կատարվել է օրենքի սահամներում՝ նախագիծը քննարկվել է ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի նիստում, ստացել է դրական եզրակացություն, անցել է փորձաքննություն, սահմանված կարգով տրվել է շինարարական թույլտվություն, շինարարությունն ավարտվել է, շինարարության ավարտը փաստագրվել»,-նշեց պատասխանատուն՝ փաստելով, որ այս դեպքում ՀՀ կառավարության որոշման անհրաժեշտություն չկա: «Կառավարության որոշման անհրաժեշտություն չկա, քանի որմենք այդ կառույցի գործառական նշանակության փոփոխության հարց չենք դրել՝ կառույցը շահագործվելու է որպես հասարակական նշանակության կառույց՝ փառատոնային կենտրոն»,-ավելացրել է քաղաքի գլխավոր ճարատարապետը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը կառույցը շահագործվելու է որպես փառատոնային կառույց, որտեղ անցկացվելու են համերգներ, ունենալու է թանգարանային հատված՝ տարբեր երկրների մշակույթները ներկայացնող սենյակներ: Բարեկարգվելու է տարածքը, ստեղծվելու է հանգստի գոտի:
«Ոչ մի բան վերականգնման ընթացքում չի փոփոխվել, պահպանվել է այն, ինչ կա, նույնիսկ ջրհորը, կառույցը մետաղական ծածկով է ծածկվել, որը և՛ ճարտարապետական, և՛ կոնստրուկտիվ առումով ոչ մի ազդեցություն չի թողել կառույցի վրա: Մենք այս կառույցը վերականգնելով՝ վատ բան չենք արել, այլ հուշարձան ենք փրկել, ես կհասկանայի դժգոհությունը, եթե քանդվեր կառույցը, բայց տվյալ պարագայում կառույցը փրկվել է, ավելին՝ քաղաքն էլ կստանա այն կառույցը, որի կարիքն ուներ: Իսկ կառույցի ճարտարապետական տեսքը խաթարվել է, թե ոչ՝ դա մասնագիտական քննարկումների հարց է»,-հավելել է Հենրիկ Գասպարյանը:
Սև բերդը կառուցվել է 1834 թվականին: Բերդից ճանապարհներ են եղել դեպի ներկայիս Մայր Հայաստան հուշարձանը և Կարմիր բերդը։ Բերդի կառուցման անհրաժեշտությունը ծագել է ռուս-պարսկական երկրորդ պատերազմի ավարտից հետո։ Թուրքիայի դեմ հնարավոր պատերազմը հաշվի առնելով՝ ռուսներն սկսեցին հատուկ ուշադրություն դարձնել Գյումրու ամրացմանը։ Սև բերդն ի սկզբանե եղել է Ալեքսանդրապոլի պաշտպանական կառույց, ծառայել է որպես զինվորական բանտ։ Միայն 1877-1878 թվականների ռուս-թուրքական Բալկանյան պատերազմից հետո, Ալեքսանդրապոլի բերդը դարձավ հրետանու պահեստարան։
Առաջին ուսումնասիրություններն այստեղ կատարվել են XIX դարի երկրորդ կեսին՝ մոտ 1875 թվականին։ Հետագայում՝ 1900 թվականին Սև ղուլի տակ պեղումներ են կատարել գերմանացի հնագետ Գեոսները՝ 1907-1908 թվականներին՝ Խառատյանցը։ Պեղումներ իրականացրել է նաև «Կումայրի» արգելոց-թանգարանի արշավախումբը:










