ԱՄՆ-ում 93 տարեկանում կյանքից հեռացել է դերասան Ֆայվուշ Ֆինկելը
Նյու Յորքում 93 տարեկանում կիրակի օրը կյանքից հեռացել է ամերիկացի հայտնի կատակերգու դերասան Ֆայվուշ Ֆինկելը: Այս մասին հաղորդում է Rolling Stone ամսագրի կայքը:
Նշվում է, որ Ֆինկելը ծնվել է Նյու Յորքի Բրուքլին շրջանում` հրեա ներգաղթյալների ընտանիքում: Նրա հայրը ծնունդով Վարշավայից է եղել, մայրը` Մինսկից: Ինը տարեկան հասակից Ֆինկելը սկսել է ելույթ ունենալ այն ժամանակներում ժողովրդականություն վայելող նյույորքյան բազմաթիվ թատրոններում, որոնք իդիշ լեզվով ներկայացումներ են կազմակերպել:
Ինչպես նշում է ամսագիրը, 1965 թվականին կայացել է դերասանի դեբյուտը Բրոդվեյի Fiddler On The Roof հանրահայտ մյուզիքլում, որտեղ նա խաղացել է պանդոկապետ Մորդխիի դերը, իսկ 1980-ականներին` Տևյե կաթնավաճառի դերը:
Դերասանը բազմաթիվ մրցանակների է արժանացել, որոնց թվում են «Էմմի» կինոմրցանակը. ներկայացվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի, խաղացել է տարբեր ֆիլմերում և սերիալներում:










