Հայաստանի շահերից է բխում, որ որքան հնարավոր է արագ ու հեռու փախնի պուտինյան Ռուսաստանից. Սլավա Ռաբինովիչ
Ռուսաստանում տեղի ունեցած Պետական դումայի ընտրությունները ՌԴ հեռանկարի համար վատ ավարտ են կանխատեսում: Tert.am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի հեղինակավոր ֆինանսիստ, Diamond Age Capital Advisors-ի ղեկավար, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ընդդիմախոս Սլավա Ռաբինովիչը: Նա նշեց, որ ռուսական իշխանությունների քաղաքականության հետևանքով «կաթսան եռում է ու շուտով պայթելու է»՝ վնասելով ոչ միայն անմիջական մասնակիցներին, այլև՝ շրջապատողներին: «Հայաստանի շահերից է բխում ոչ թե Պուտինին աջակցելը, այլ՝ փախնելը որքան հնարավոր է արագ ու հեռու պուտինյան Ռուսաստանից, հակառակ դեպքում, Հայաստանը ևս ավելի ու ավելի կխորանա աղքատության ու քաոսի մեջ»,- նշեց Սլավա Ռաբինովիչը:
- Ռուսաստանում օրերս անցկացվեցին Պետական դումայի ընտրություններ, որոնց արդյունքում կրկին մեծամասնություն կազմեց Վլադիմիր Պուտինի «Եդինայա Ռոսիյա» կուսակցությունը: ՌԴ քաղաքացիների համար որևէ փոփոխություններ լինելո՞ւ են:
- Կարծում եմ, որ Պուտինն ու իր հանցավոր խումբը (ОПГ), որոնք անօրինական կերպով բռնատիրության միջոցով պահում են իշխանությունը, շարունակում են եռացնել առանց այդ էլ տաքացած կաթսան՝ բռնելով դրա կափարիչը, որ այն չտրաքի: Իսկ քաղաքականությունը, որ կարելի է գոլորշին բաց թողնել կափարիչը պարբերաբար բաց թողնելու շնորհիվ, այլևս չի աշխատում: ՌԴ իշխանությունները իրականությունից այնքան են հեռու, որ չեն հասկանում, որ գոլորշի բաց թողելու դեպքում էլ եռացող մասսան այնքան շատ է, որ կաթսան է պայթեցնելու: Սա վտանգավոր է ոչ միայն նրանց համար, ովքեր պահում են այդ կափարիչը կամ հենց կաթսայի մեջ են եփվում, այլև նրանց համար, ովքեր կաթսայից դուրս են, թեկուզ հեռու են, որովհետև նրանք վնասվելու են բեկորներից:
Այս ընտրությունները ցույց տվեցին, թե ինչքան փխրուն է ՌԴ ապագան: Դուք կարող եք տեսնել նյութերը ՌԴ ԿԸՀ-ում, որոնք վկայում են ընտրությունների կեղծման մասին, կարող եք տեսնել, որ Պուտինի անվտանգության նախկին աշխատակիցը Տուլսկայա օկրուգից պատգամավոր է դարձել… Այս անգամ ամեն ինչ վատ կավարտվի:
- Հայաստանի վրա ինչպե՞ս են անդրադառնալու այս ընտրությունները: Բեկորները վնասելո՞ւ են ՀՀ-ին:
- Այո, Հայաստանի շահերից է բխում ոչ թե Պուտինին աջակցելը, այլ՝ փախնել որքան հնարավոր է արագ ու հեռու պուտինյան Ռուսաստանից, հակառակ դեպքում, Հայաստանը ևս ավելի ու ավելի կխորանա աղքատության ու քաոսի մեջ:
- Նախընտրական ողջ քարոզարշավի ընթացքում մասնակից կուսակցություններից որևէ մեկը հայ համայնքի համար որևէ խոստում չտվեց, թեև ՌԴ-ում հայ համայնքը մեծաթիվներից մեկն է, ավելին՝ ուժերից որևէ մեկի ցուցակում հայ թեկնածուներ չկան: Սա հատո՞ւկ քաղաքականություն է:
- Որևէ լավ բան այս առումով ասել չեմ կարող: Ռուսաստանում ոչ մի փոքրամասնության համար էլ, այդ թվում՝ հայերի, դրական ազդեցություն այս իշխանությունների պաշտոնավարման ժամանակ չի լինի, որովհետև գործող համակարգը ֆաշիստական է: Ձեր հարցի վերաբերյալ մի անեկդոտ պատմեմ. «Բրեժնևի ժամանակներում, երբ Լենինգրադի սիմֆոնիկ նվագախումբը համերգներով մեկնեց ԱՄՆ, նրանց ուղեկցում էին ԿԳԲ-ականները, որ երաժիշտները Արևմուտք չփախնեին: Սիմֆոնիկ նվագախմբերի համատեղ ասուլիսի ժամանակ լենինգրադյան նվագախմբի երաժիշտները, որոնք ասուլիսի ժամանակ էլ շրջապատված էին ԿԳԲ-ականներով, հպարտ հայտարարեցին, որ հույներին չեն նեղում, 10 հույն կա ՌԴ-ում ու հարցրին՝ իսկ ձեզ մո՞տ ու նյույորքյան նվագախմբի անդամները պատասխանեցին՝ մենք չենք հաշվում»: Ուզում եմ ասել, որ Ձեր հարցը տեղին կլիներ հնչեցնել ԱՄՆ-ում, ԵՄ-ում, բայց ոչ Ռուսաստանում: Ես չեմ կարող պատասխանել ձեր հարցին, չեմ կարող ասել՝ լավ է ֆաշիստական խորհրդարանում ունենալ հայ պատգամավոր, թե վատ է:
- Ձեր կանխատեսմամբ՝ հետընտրական ցնցումներ կլինե՞ն:
- Վերջին 2 տարիների ընթացքում Ռուսաստանից ավելի քան 1 մլն մարդ է գնացել, ամեն տարի 100 հազարով մարդիկ են լքում երկիրը: Կարծում եմ, որ Կրեմլը հստակ հաշվարկել է՝ ում և երբ սպանի:
- Ինչո՞ւ չի ստացվում փոխել իշխանությունը. նախաձեռնված քայլե՞րն են քիչ, բավարար չե՞ն կամ գուցե ոչ ընդունելի մարդկանց կողմի՞ց են կազմակերպվում:
- Մեկ բառով դժվար է ասել՝ որն է պատճառը: Բայց հիմնական խնդիրը քաղաքացիական իրավագիտակցության բացակայությունն է, 10-ամյակներով դաստիարակվող գիտակցությունը, որ հանրությունը պետք է համակերպվի, առաջ գնալու համար՝ չընդդիմանա, հանգամանքն է, որ իշխանությունները ոչ միայն բռնացել են պաշտոնին, այլև՝ ամեն կերպ պահում են այն, գիտեն, թե ոնց մանիպուլացնեն բնակչությանը:










