Երգչուհի Թոնի Բրեքսթոնին հոսպիտալացրել են գայլախտի սրացման պատճառով
Ամերիկյան հայտնի երգչուհի Թոնի Բրեքսթոնը հայտնվել է Քլիվլենդ քաղաքի հիվանդանոցներից մեկում, ինչից հետո նրա ներկայացուցիչը հայտնել է The Hits շրջագայության շրջանակում կայանալիք համերգների չեղարկման մասին:
Ինչպես նշում է Tatler-ը, բժիշկների փոխանցմամբ՝ 49-ամյա երգչուհու հոսպիտալացման պատճառը գայլախտ հիվանդության սրացումն է:
Հայտնի է, որ այդ հիվանդությունը երգչուհու մոտ հայտնաբերվել է մի քանի տարի առաջ։
Աղբյուրը հավելում է, որ Բրեքսթոնը գայլախտով հիվանդ միակ աստղը չէ: Անբուժելի աուտոիմունային հիվանդությամբ է տառապում նաև 24-ամյա երգչուհի Սելենա Գոմեսը:
Համակարգային կարմիր գայլախտը շարակցական հյուսվածքի և անոթների համակարգային քրոնիկական աուտոիմուն հիվանդություն է, որի ժամանակ մարդու իմունային համակարգի կողմից արտադրվող հակամարմինները վնասում են առողջ բջիջների ԴՆԹ-ն։ Շարակցական հյուսվածքի հիվանդությունների («կոլագենային հիվանդություններ» կամ «կոլագենոզներ») ցայտուն տարատեսակներից է։
Հիվանդությունն անվանումը ստացել է իր բնորոշ նշանի շնորհիվ՝ քթի վրա և այտերին ցանի (վնասված հատվածը ձևով հիշեցնում է թիթեռ) առկայություն, որը, ինչպես համարվում էր Միջնադարում, գայլի կծածի հետք է հիշեցնում։










