Կառավարության այս ծրագրին դեմ արտահայտվելը նշանակում է դեմ լինել երկրի հետագա զարգացմանը. Վահրամ Բաղդասարյան

21:40 • 19.10.16

Վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության ծրագիրը վաղը կներկայացվի ու կքննարկվի ԱԺ-ում: Մինչ այդ այն հրապարակվել է, սակայն ԱԺ խմբակցություններն այսօր խուսափեցին գնահատական տալ դրան ու բացահայտել՝ կո՞ղմ են քվեարկելու, թե դեմ: 

ԱԺ խմբակցություններից միայն «Հայ ազգային կոնգրեսը» Tert.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին, թեև դեռ չի քննարկել այն:

«Մենք դեռ չենք քննարկել Կարեն Կարապետյանի կառավարության ծրագիրը, սակայն դեմ ենք քվեարկելու դրան, քանի որ այս կառավարությունը վստահություն չունի»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ հավելելով, որ եթե դա 6 ամսվա ծրագիր է, ակնհայտ է, որ խոսքը նախընտրական խոստումների մասին է, դրանով արդեն այդ ծրագրի վստահելիությունը կասկածելի է։

«Բարգավաճ Հայաստանն» ու «Օրինաց երկիրը» Tert.am-ի հետ զրույցում չբացահայտեցին իրենց քվեարկությունը ու գնահատականը կառավարության ծրագրին: Նոր կառավարության ծրագրի առթիվ իր դիրքորոշումը չբացահայտեց նաև Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցության խորհրդարանական բլոկը:

Կառավարության ծրագրին կողմ է արտահայտվել «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», որն էլ կողմ կքվեարկի ծրագրին, քանի որ, ինչպես երեկ հայտարարեց ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը, Դաշնակցությունը գոհ է կառավարության ծրագրից, քանի որ ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության ուղենիշերը դրանում ընդգրկված են:

«Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ չի կարծում, որ քաղաքական ուժերը կառավարության ծրագրին դեմ լինեն։

«Բոլորն էլ պիտի շանս տան կառավարությանը, ինձ թվում է՝ ներկայացնելուց հետո իրենց համար ավելի ընկալելի կլինի»,-ասաց Բաղդասարյանը:

Դիտարկմանը, թե ՀԱԿ-ն արդեն հայտարարել է, որ դեմ է քվեարկելու, ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց. «Եթե քննարկել են և դեմ են քվեարկելու, պետք է իրենց ելույթներում հիմնավորեն՝ ինչու են այս կառավարության ծրագրին դեմ քվեարկում: Եթե իրենք ասում են, որ անկախ ամեն ինչից այս կառավարության ծրագրին դեմ են, քանի որ վստահելի չէ, դա քաղաքական մոտեցում է, իրենց քաղաքական ուժի: Համենայնդեպս, այս ծրագրին դեմ արտահայտվելը նշանակում է դեմ արտահայտվել երկրի հետագա զարգացմանը»:

Հարցին, թե նախորդ կառավարության ծրագիրը ինչո՞վ էր տարբերվում այս կառավարության ծրագրից, ավելի վա՞տն էր, Բաղդասարյանն ասաց. «Ոչ, ոչ, և՛ նախորդի, և՛ այս ծրագրի դրույթները բավականին խոստումնալից դրույթներ են: Եվ վաղը Դուք ինքներդ կհամոզվեք դրանում»։

Հետաքրքրվեցինք նաև, թե հնարավո՞ր է այս ծրագրի քվեարկությամբ նախանշվի իշխանական ապագա կոալիցիան, քանի որ տևական ժամանակ է՝ խոսք է գնում, որ «Հայկական վերածնունդն» ու ԲՀԿ-ն ընտրություններից հետո միանալու են ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիային:

«Չէ, դա մի կապեք: Ամեն ինչը կլինի ընտրությունների արդյունքում, ընտրությունների ժամանակ: Չի կարող ծրագրերի առթիվ ելույթներով կամ քվեարկությամբ որևէ բան արտացոլվել»,-ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը: