Հալեպի ուղղությամբ օդային հարվածները պատմական մասշտաբի հանցագործություն են. ՄԱԿ-ի հանձնակատար
Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատար Զեիդ Ռաադ Զեիդ-Ալ Հուսեյնը սիրիական Հալեպի ուղղությամբ օդային հարվածները և քաղաքի պաշարումը պատմական մասշտաբի հանցագործություն է անվանել: Հանձնակատարի հայտարարությունում հիշատակվում են ապստամբների կողմից քաղաքի արևմտյան հատվածի գնդակոծությունները, բայց նշվում է, որ խաղաղ բնակչության շրջանում զոհերի մեծ մասի պատճառը դարձել են ռմբակոծությունները, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը;
«Ընդդիմության զինված խմբերը շարունակում են արևմտյան Հալեպի գնդակոծությունները, քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի ճնշող մասի պատճառը ոչ ընտրողաբար իրականացվող օդային հարվածներն են»,- հայտարարել է հանձնակատարը՝ Սիրիայում տեղի ունեցողը անվանելով պատմական մասշտաբի հանցագործություն:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Հալեպի արևելյան մասից ուրբաթ նախատեսված վիրավորների տարհանումը չեղյալ է հայտարարվել անվտանգության ցածր մակարդակի պատճառով: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման վարչության մամուլի քարտուղար Յենս Լերկեն:
«Մարդասիրական դադարը» սկսել է գործել սիրիական Հալեպ քաղաքում հոկտեմբերի 20-ից։ Քաղաքից դուրս գալու համար նախատեսված է ութ միջանցք. վեցը՝ խաղաղ բնակիչների, երկուսը՝ գրոհայինների համար:










