Լատվիան չի արգելել հայկական թեյի ներմուծումը. Սննդամթերքի և անասնաբուժության ծառայությունը հայտնել է, որ հաղորդագրության մեջ վրիպակ է եղել
Հայաստանյան լրատվամիջոցներում հոկտեմբերի 18-ից տարածվում է տեղեկություն, որ Լատվիան արգելել է Հայաստանից կանաչ թեյի խմբաքանակի ներմուծումը՝ դրանում վտանգավոր թունաքիմիկատների հայտնաբերման պատճառով։
«Հաղորդվում է, որ 8810 համարի խմբաքանակում հայտնաբերվել է տոլֆենպիրադ, որի կիրառումը ԵՄ-ում արգելված է։ Բացի այդ, նշվում էր, որ լյամբդա-ցիհալոտրինի և թիամեթոքսամի պարունակությունը գերազանցել է առավելագույն թույլատրելի մակարդակները»,- գրել են լրատվամիջոցները՝ որպես տեղեկության սկզբնաղբյուր նշելով Լատվիայի սննդի և անասնաբուժության ծառայությանը։
Լատվիական գերատեսչությունն իսկապես հոկտեմբերի 14-ին նման հաղորդագրություն էր հրապարակել՝ նշելով թեյերի հայկական ծագման մասին։ Սակայն ինչպես #CivilNetCheck-ին հայտնեցին Լատվիայի սննդի և անասնաբուժության ծառայությունից, հաղորդագրությունում սխալ է թույլ տրվել։ Իրականում թեյը չինական ծագման է և Լատվիա է ներմուծվել Ուզբեկստանից։
Ծառայությունն արդեն ուղղել է պաշտոնական հաղորդագրությունը՝ շտկելով թեյի ծագման երկրի վերաբերյալ սխալ տեղեկությունը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։











