Հանրային պահանջ կա, որպեսզի ԱԺ-ն բարեփոխվի. Կարինե Աճեմյանը դժվարացավ ասել, թե հաջորդ խորհրդարանում ՀՀԿ-ականներից ովքեր կմնան

22:35 • 22.10.16

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը կարծում է, որ հաջորդ խորհրդարանը կլինի շատ ավելի բարեփոխված, սակայն դժվարացավ ասել, թե ՀՀԿ-ականներից ովքեր կմնան: 

Tert.am-ի հետ զրույցում  պատգամավորը նշեց, թե փոփոխությունները շատ դինամիկ են և միտված են բոլոր ոլորտներին: 

«Իհարկե, կար նաև հանրային պահանջ, որպեսզի  ԱԺ-ն ևս բարեփոխվի, քանի որ նոր Սահմանադրությամբ շատ մեծ գործառույթներ ունի ԱԺ-ն և պատասխանատվությունը շատ մեծանում է, իսկ   պատգամավորների թիվը՝ սահմանափակվում։ Ես կարծում եմ, որ այս ընտրությունը շատ կարևոր է և պետք է քաղաքականապես հասուն, գրագետ պատգամավորների ընդգրկել»,- ասաց նա՝ շեշտելով, որ դա վերաբերում է բոլոր կուսակցություններին:

«Կուսակցությունները պետք է իրենց ներսում աշխատեն և կարողանան իրենց ներուժը համախմբել, կոնսոլիդացնել, որպեսզի ավելի լավ ներկայանան»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե իսկ քանի տոկոսով ՀՀԿ-ն կվերափոխվի, գուցե ՝ 80 և ավելի տոկոսով,  Կարինե Աճեմյանը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել քանի տոկոսով, բայց, իհարկե, կյանքը փոխվում է: Իրականում իմ տեսակետն այն է, որ ԱԺ պատգամավորն ինչքան  փորձառու է, այդքան լավ ԱԺ-ի համար, բայց խոսքն այն պատգամավորների մասին է, որոնք աշխատում են օրենսդրական ոլորտում  և ընտրողների հետ հանդիպումներում են ակտիվ, որովհետև ամենակարևորը, կարծում եմ, այդ հանդիպումներ են, պետք է մարդկանց լսել, աջակցել և հանրության ձայնը բերել ԱԺ: Այդ առումով փոփոխության կարիք կա, բոլորը դա գիտեն և կարծում եմ, որ և՛ մեր կուսակցությունում, և՛ մնացած կուսակցություններում այդ փոփոխությունները կլինեն»: