Մյուս տարվանից կսկսեմ հեղափոխական ծրագրեր իրականացնել. Գարիկ Մարտիրոսյան
Ռուսաստանաբնակ հայտնի հայ շոումեն Գարիկ Մարտիրոսյանը հարցազրույց է տվել ուսական Lenta.ru կայքին, որտեղ ասել է, թե ինչու չի գրանցվում որևէ սոցիալական ցանցում, ինչպես նաև պատմել է, որ համացանցում իր մասին գրված տարատեսակ բամբասանքներին ինքը բնավ ուշադրություն չի դարձնում:
«Եթե հնարավոր է գրեք այն մասին, որ բավական է իմ մասին ինչ-որ բաներ գրեն համացանցում, քանի որ ես պարզապես չեմ հետևում այդ ամենին»,- ասել է նա։
Գարիկ Մարտիրոսյանը նշել է, որ իր կյանքն այնքան հագեցած է և լի տարբեր մարդկանցով, որ եթե նա գրանցվի որևէ սոցցանցում, ապա պարզապես կխելագարվի:
«Սոցիալական կայքերը, ինչպես կարելի է ենթադրել դրանց անունից, ստեղծված են նրա համար, որպեսզի մարդը դրանց շնորհիվ հասարակայնացվի, ինքնաարտահայտվի, շփվի տարբեր մարդկանց հետ, ձեռք բերի նոր ընկերներ: Ոմանց հետաքրքիր է տեղեկատվական այն հոսքը, որը կա կայքերում, լուրերը, տեսանյութերը: Սակայն իմ կյանքն այնքան հագեցած է, ինձ շրջապատում են այնքան շատ մարդիկ, որ ես չեմ հասցնում շփվել այն մարդկանց հետ, որոնք ինձ շրջապատում են: Պատկերացրեք, որ Comedy Club-ի գրասենյակում աշխատում է 5000 մարդ: Ու եթե ես այս ամենի հետ մեկտեղ «նստեմ» սոցցանցերում` ես ուղղակի կխելագարվեմ», - ասել է հայազգի աստղը:
Գարիկ Մարտիրոսյանը նաև խոսել է այն մասին, որ ինքը մոտ երկու տարի է, ինչ չի նկարահանվում որևէ նախագծում և մտադիր է նոր կյանք սկսել մյուս տարվանից:
«Մեր երկիրը սկսել է նոր կյանք 100 տարի առաջ և ես կհետևեմ իմ նախնիների օրինակին: Մյուս տարվանից կսկսեմ հեղափոխական ծրագրեր իրականացնել, բարեբախտաբար` հումորի ոլորտում», - հայտնել է Մարտիրոսյանը:










