«Դա պատմամշակութային արժեք չունեցող շենք է եղել, շատ անմխիթար ու փլված». պայթեցված տպարանի սեփականատեր Գենիկ Կարապետյան

14:53 • 28.10.16

Երեկ Երևանում պայթեցման միջոցով քանդված մայրաքաղաքի առաջին տպարանի շենքը, որը մոտ 100 տարվա պատմություն ուներ, պատկանում է «Անի» հյուրանոցի սեփականատեր Գենիկ Կարապետյանին: Այս տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ինքը՝ Գենիկ Կարապետյանը:    

Մամուլում արդեն գրվել է, որ լայն հասարակությանը հայտնի չէր, որ շենքը պայթեցվելու է, և որոշումը շատերի համար անակնկալ էր: Իսկ սոցիալական ցանցերում ծավալված ակտիվ քննարկումներում Երևանի առաջին տպարանի շենքի պայթեցումը գնահատվեց որպես Երևանի անցյալի պայթեցում, և դա գաղտնի է պահվել, որ բողոքի ակցիաներ չլինեն:

Մամուլում գրվել է նաև, որ տարածքի սեփականատերը առնչություն ունի «Մաքուր երկաթ» գործարանի հետ, սակայն «Մաքուր երկաթ» ընկերության տնօրեն Կարեն Հակոբյանը Tert.am-ի հետ զրույցում հերքեց իրենց ընկերության առնչությունը այդ տարածքին՝ ասելով, որ Գենիկ Կարապետյանը ոչ մի կապ չունի «Մաքուր երկաթ» գործարանի հետ: «Կարապետյանը 3 տարի առաջ վաճառել է իր բաժնեմասը գերմանական «Քրիոնիմեդ» ընկերությանը և ընդհանրապես կապ չունի «Մաքուր երկաթ» գործարանի հետ: Պայթեցված շենքը ևս «Մաքուր երկաթ» գործարանի հետ ոչ մի կապ չունի»,-ասաց տնօրենը:

Ներկայացնում ենք Tert.am-ի զրույցը գործարար Գենիկ Կարապետյանի հետ:

- Պարոն Կարապետյան, երեկ Երևանում պայթեցված շենքի առթիվ մամուլում Ձեր անունն է շրջանառվել, որ Դուք եք տարածքի սեփականատերը: Դա ճի՞շտ է: 

- Այո, ճիշտ է:

-Այսինքն՝ Դուք եք շենքի պայթեցման հեղինակը:

- Ոչ, հեղինակը շինարարական ընկերությունն է, որի հետ մենք պայմանագիր ենք կնքել՝ էդ շինարարությունն անելու: Ես հո պայթեցնող բրիգադ չեմ, ես ի՞նչ կապ ունեմ պայթեցնելու հետ: Դա շինարարների գործն է: Ես շինարարական կազմակերպության հետ ունեմ պայմանագիր, որ էդ շինարարությունն անի, բայց պայմանագրում նշված չի, որ քարը ոնց պիտի դնի, ինչ անի: Այդ շինարարական կազմակերպությունը պայմանագիր է կնքել մեկ այլ շինարարական կազմակերպության հետ, որը պայթեցման լիցենզիա ունի, դրանք էդ աշխատանքները կատարել են, տեղյակ են պահել ԱԻՆ-ին, ոստիկանությանը, բնակչությանը ու էդ գործն արել են:

- Այսօր սոցցանցերում ակտիվ քննարկվում է, որ Երևանի անցյալը պայթեցվում է, Երևանի հին շենքերը, դիմագիծը վերանում է։ Հնարավոր չէ՞ր շենքը վերանորոգել, ոչ թե վերացնել:

-Գիտեք ինչ, մինչև էդ գրելը բերեք նայեք՝ էնտեղ ինչ նախագիծ է արված, լրագրողներով հավաքվեք, մի հատ ճշտեք՝ էդ Երևանի անցյալը ինչ ա: Մենք անցյալի համար փողոցի վրայի շենքերը թողնում ենք իրանց տեղը՝ առանց ձեռք տալու։ Էդ անցյալի համար հեչ հետաքրքրություն չեն ներկայացնում, բայց մենք աշխատում ենք, որ անպայման դա թողնենք իրա տեղը: Մենք ուղղակի էդ մեջի մասում ուզում ենք կառուցել նոր շենք: Կողքերի շենքերը, որը ինչ-որ ձևով փողոցի վրա է ու փողոցի հետ նայվում է, մենք թողում ենք տեղը, որպեսզի Երևանի անցյալը ու ներկան իրար հետ համադրվի:  Հին շենքը հնարավոր էր վերանորոգել, բայց որպես ի՞նչ օգտագործվեր՝ երկու հարկանի շենք, ամեն հարկը 5 մետրով, ի՞նչ օգտագործվեր, պահեստային տարա՞ծք: Դրա համար, ով որ սոցցանցերում գրում է, թող գան մի հատ հարցնեն՝ ինչ ես նախատեսում անել, ոնց է արվում: Թող իրանք իրանց կարծիքն ասեն, եթե դա սխալ է արվում, եթե դա քաղաքի տեսքը փչացնում է, ոչ թե լավացնում է, մենք անպայման սիրով հաշվի կառնենք:

- Բայց Դուք արդեն պայթեցրել եք շենքը առանց հասարակության կարծիքը հարցնելու, էլ ի՞նչը պիտի  հաշվի առնեք:

-Դե, էտի մնար ի՞նչ աներ: Առաջինը փողոցի վրա չէր, հայաթի մեջ դրած շենք էր: Փողոցի վրայի շենքերին ոչ մեկը ձեռք չի տվել, ինչի՞ մասին է խոսքը:

-Մի խոսքով՝ չեք կիսում երևանցիների մտահոգությունը, որ քաղաքի դիմագիծ է փոխվում:

- Ես սիրով, միայն ու միայն առաջնորդվում եմ Երևանի քաղաքացիների մտահոգությամբ: Այ, եթե Դուք մինչև էդ բոլորն ասելը գայիք մի հատ, բարի գտնվեիք, նայեիք էդ նախագիծը՝ ինչ է արվում, նորմա՞լ է, թե նորմալ չի, հետո նոր կարծիք ասեք, արդեն ճիշտ կլիներ:   

-Պարո՛ն Կարապետյան, նաև բավական շատ փոշի է բարձրացել պայթյունի արդյունքում։ Կարծում եք՝ դա ճի՞շտ տարբերակ էր:

-Այ, էդ հարցով ես չեմ կարող ոչ մի բան ասել, որովհետև շինարարն է արել, ես դրա հետ կապ չունեմ: Ես մասնագետ չեմ, որ ասեմ՝ փոշի է բարձրանալու, ես ի՞նչ անեմ: Շատ փոշի է բարձրացել, բայց մի 15 րոպեի հարց է, զատո Երևանի կենտրոնը, եթե գաք, նայեք, ինձ թվում է՝ նորմալ տեսքի է գալիս:

-Դուք՝ որպես կառուցապատող, չե՞ք կարծում, որ հասարակության կարծիքը պետք էր մինչև շենքը վերացնելը հաշվի առնել:

-Առաջինը՝ մենք էդ հասարակության կարծիքը հաշվի առել ենք: Մենք էդ բոլոր տեղերը դիմել ենք՝ դա պատմամշակութային արժեք ունեցող շենք է, թե չէ: Դա պատմամշակութային արժեք չունեցող շենք է եղել, շատ անմխիթար, փլված, հին շենք է եղել: Մենք էդ երկու թևերը, որ նույն վիճակում են, բարեկարգում ենք և մեջը կառուցում ենք էդ շենքը: 

- Իսկ Դուք ի՞նչ եք պատրաստվում էդտեղ կառուցել:

-Մոտավորապես 9 հարկանի հյուրանոց: Մոտ 13 մլն դոլարի ներդրում ենք անելու:

- Եվ ինչպե՞ս է կոչվելու Ձեր հյուրանոցը:

-Տո այ հոգուդ ղուրբան, կանգնի սարքենք, նոր հետո անունը դնենք: