Երևանում ավտոբուսի կողաշրջվելու պատճառը նեղ ճանապարհն է եղել ու դիմացից եկող մարդատար մեքենան. վարորդը մանրամասներ է հայտնել
Երևանում ավտոբուսի կողաշրջվելու պատճառը նեղ ճանապարհն է եղել ու դիմացից եկող մարդատար մեքենան։ News.am–ին այս մասին ասել է ավտոբուսի վարորդը։
«Չհասկացա` ինչպես ստացվեց։ Մի քիչ աջ գնացի, մեքենան պտտվեց, ընկավ ներքև (նկատի ունի ավտոբուսի կողաշրջվելը. խմբ.)։ Մի տղա էր, դիմացից էր գալիս, ինձ ասաց, որ լավ է` ինքը «տոռմուզ» է տվել, որովհետև ճանապարհը նեղ է»,– ասել է վարորդը։
Նա նշել է, որ ավտոբուսում գտնվող հնդիկներին պետք է տաներ Անտառային փողոց` շինարարական աշխատանքներ կատարելու։ Վարորդը չի տուժել, բայց մեջքի հատվածում ցավեր ունի։
Հիշեցնենք, որ առավոտյան 09։00–ի սահմաններում Աճառյան փողոցում «Hyundai» ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, 11 օտարերկրացի է տուժել, մի մասին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», մյուսներին` «Քանաքեռ-Զեյթուն» («Երևան») բժշկական կենտրոն։










