Ապրիլյան պատերազմի զոհերից՝ Արցախի հերոս Աբաջյանի ու Սլոյանի ծնողները դրական են վերաբերվում «1000 դրամների մասին» օրինագծին

23:17 • 17.11.16

«1000 դրամների մասին» օրինագիծը շարունակում է ենթարկվել բուռն քննադատության թե՛ սոցիալական ցանցերում բազմաթիվ քաղաքացիների, հասարակական ու քաղաքական գործիչների կողմից, թե՛ Ազգային ժողովում ընդդիմադիր պատգամավորներից շատերի կողմից:

Քննադատության պատճառներից մեկն էլ այն է, որ նոր օրինագծի համաձայն՝ հավաքագրված հազարական դրամներով հիմնադրամը լուծելու է միայն 2017 թվականի հունվարի 28-ից հետո զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների փոխհատուցման հարցը:

Tert.am-ը զրուցել է ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին զոհված ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանի հոր՝ Քալաշ Սլոյանի հետ։ Վերջինս նշեց, որ «1000 դրամների մասին» օրինագծին դրական է վերաբերվում՝ անկախ այն հանգամանքից, որ այն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 28-ից հետո:

«Ես գոհ եմ թե՛ մինչ օրս պետության օգնությունից, թե՛ «1000 դրամների մասին» օրենքից»,- նշեց Քալաշ Սլոյանը:

Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը՝ Աննա Աբաջյանը, Tert.am-ի հետ զրույցում ևս նշեց, որ դրական է վերաբերվում նոր օրինագծին:

«Ի՞նչպես կարող եմ դրական չվերաբերվել, շատ լավ օրինագիծ է: Եթե այդ հավաքագրված գումարները նպատակային օգտագործվեն, ապա չեմ կարող բացասական վերաբերվել»,- ընդգծեց Աննա Աբաջյանը: