Որքան է կազմում սպառողական զամբյուղը Հայաստանում և որքան գումար է գանձվում ՀՀ քաղաքացու աշխատավարձից
Ազգային ժողովում քննարկվում է զինծառայողներին և նրանց ընտանիքներին օգնելու նպատակով 1000-ական դրամ հավաքելու վերաբերյալ նախագիծը, համաձայն որի՝ քաղաքացիների աշխատավարձերից 1000-ական դրամ պետք է պահվի՝ հիմնադրամին ուղղելու համար:
Հայաստանում սպառողական զամբյուղների, գրանցված աշխատողների աշխատավարձերից գանձվող հարկերի ու վճարների մասին Tert.am-ը զրուցեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի և Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանի հետ:
«Հայաստանում երկու սպառողական զամբյուղ կա՝ պարենային և նվազագույն։ Պարենային սպառողական զամբյուղը կազմում է 27 000 դրամ, իսկ մյուսը՝ նվազագույն սպառողական զամբյուղը, 53 000 դրամ:
Եթե ընտանիքում մեկ անձ է աշխատում և ստանում է 180 000 դրամ աշխատավարձ, իսկ ընտանիքն ունի 4 անդամ, ապա յուրաքանչյուր անձին հասնում է 45 000 դրամ, այսինքն՝ մեկ անձի շնչով սպառողական նվազագույն զամբյուղի չափ գումար չի կազմում, ինչն էլ ենթադրում է, որ մարդիկ աղքատության շեմին են»,- նշեց Արմեն Պողոսյանը:
Սպառողների միության նախագահի խոսքով՝ նվազագույն սպառողական զամբյուղում հաշվառված է միայն սննդի և կոմունալ ծախսերի համար նախատեսված վճարը. «Այսինքն՝ մարդը միայն պետք է սնվի և կոմունալ վճարներ կատարի: Բա երեխա՞ն, դպրոցը՞, մարդը նսեմացած է, և այլ ծախսեր զամբյուղում հաշվառված չեն»:
Ինչ վերաբերում է քաղաքացիների աշխատավարձերից 1000 դրամ պահելուն, Արմեն Պողոսյանն ասաց, որ նախագիծը ողջունելի է, սակայն այն պետք է լինի կամավոր. «Թող մարդկանց շահագրգռեն և վստահության մեխանիզմներ մշակեն, որ քաղաքացին կամավոր իր աշխատավարձից 1000 դրամը տրամադրի հիմնադրամին, սակայն պարտադիր չպետք է լինի, որովհետև մարդը, ով առանց այդ էլ աղքատության շեմին է, չպետք է պարտադրված գումար տրամադրի, թե չէ, ծրագիրը ողջունելի է»:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ ՀՀ քաղաքացիների աշխատավարձերից գանձվող գումարներին.
«Գործող հարկային օրենսգրքի համաձայն՝ մինչև 120 000 դրամ աշխատավարձ ստացող քաղաքացուց գանձվում է 24.4% եկամտային հարկ, 120 000 դրամից մինչև 2 մլն դրամ աշխատավարձ ստացողներից գանձվում է 26.6% եկամտային հարկ, իսկ 2 մլն դրամից բարձր աշխատավարձ ստացողներից գանձվում է 32% և ավելի եկամտային հարկ: Ինչ վերաբերում է նվազագույն աշխատավարձին, ապա 66 000 դրամից մարդիկ «մաքուր» ստանում են 55 000 դրամ»,- նշեց ԲՀԿ -ական պատգամավորը:
Ըստ նրա՝ նոր Հարկային օրենսգրքով, որն ուժի մեջ է մտնելու 2018 թվականի հունվարի 1-ից, եկամտային բեռը թեթևանալու է. «Նոր օրենսգրքով մինչև 280 000 ստացողների համար բեռը մի քիչ թեթևանում է և եկամտային հարկը կազմելու է 23-24%, բայց դա հանրագումարային է: 280 000–ից բարձր աշխատավարձ ստացողների համար տոկոսային շեմը բարձրանալու է՝ հասնելով 28%-ի, և աստիճանաբար տոկոսային շեմն ավելանալու է»:
Դիտարկմանը, թե եկամտային հարկին գումարվում է նաև 1000 դրամն ու կուտակային վճարը՝ 5%, Մելքումյանը պատասխանեց. «Այդ վճարներն ազդում են քաղաքացու կենսամակարդակի վրա, բայց պետք է նկատի ունենալ, որ հարկերից խուսափելու համար մասնավոր հատվածում գործատուն աշխատավարձերի իրական չափը չի նշում, հետևաբար, մասնավոր հատվածից այդքան գումարներ չեն գանձվում, բացի դրանից՝ կուտակային վճարները վերադարձնելու նպատակով են»:
Ըստ այդմ, օրինակ, եթե քաղաքացին ստանում է 120 000 դրամ աշխատավարձ, ապա այդ աշխատավարձից 29 280 դրամը կամ 24,4%-ը պետք է վճարի որպես եկամտահարկ, 6000 դրամը կամ 5%-ը՝ կուտակային վճար, և գումարվելու է նաև 1000 դրամ զինվորների համար հիմնվող հիմնադրամին վճարելու համար: Այսինքն՝ գրանցված աշխատավարձով 120 000 դրամ ստացող քաղաքացին իր աշխատավարձից կստանա 83 720 դրամը:
Նշենք, որ Կառավարությունը խորհրդարանին օրենսդրական փաթեթ է ներկայացրել, որով առաջարկվում է հատուցում վճարել այն զինծառայողների ընտանիքներին, ովքեր մահացել կամ հաշմանդամություն են ստացել մարտական գործողությունների, շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ:
Նախագծի համաձայն՝ զինծառայողի մահվան և առաջին կարգի հաշմանդամության դեպքում միանվագ վճարվում է 10 միլիոն դրամ, երկրորդ կարգի հաշմանդամության դեպքում` 5 միլիոն դրամ, հետագա 20 տարիների ընթացքում տրվում է ապահովագրական վճար` սպայական անձնակազմին` 300 հազար դրամ, ենթասպաներին` 250 հազար դրամ, իսկ շարքային անձնակազմին` 200 հազար դրամ:
Զոհվելու դեպքում սպայի ընտանիքին հատկացվում է 82 միլիոն դրամ, ենթասպային` 70 միլիոն դրամ, շարքային զինծառայողի ընտանիքին` 58 միլիոն դրամ:










