ԱՄՆ-ում հարգանքի տուրք կմատուցվի Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի անձնակազմին
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը Նյու Յորքում դեկտեմբերի 9-ին կայանալիք 13-րդ ամենամյա գալա միջոցառման ժամանակ կպատվի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի նկարահանող անձնակազմին:
Ինչպես հայտնում է The Armenian Weekly-ն, հիմնադրամի նպատակն է բարելավել Հայոց ցեղասպանությունից փրկվածների և նրանց ժառանգների կյանքն ու զորացնել հայ համայնքը: Կազմակերպության ամենամյա գալա միջոցառման ժամանակ հիշատակվում է հայկական ժառանգությունը, մարդիկ և մշակույթը`հարգանքի տուրք մատուցելով տաղանդավոր և նվիրված մարդկանց, ովքեր աշխատում են համայնքի մարտահրավերները լսելի դարձնելու ուղղությամբ:
Այս տարի հատուկ ուշադրության կարժանանան երջանկահիշատակ Քըրք Քըրքորյանի նախաձեռնությամբ նկարահանված «Խոստումը» ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջը և պրոդյուսեր Էրիկ Եսրայլյանը: Նրանց նկարահանած ֆիլմը պատմում է 1914-ի դեպքերի մասին, երբ Օսմանյան կայսրությունում սկսվեցին հայերի հալածանքներն ու ցեղասպանությունը:
Հիշեցնենք, որ Քրիստիան Բեյլի, Օսկար Այզեքի և Շառլոտ լը Բոնի մասնակցությամբ ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի ժամանակ:










